Վրաստանի իշխող ուժը՝ «Վրացական երազանքը», վերջին հանրահավաքն անցկացրեց խորհրդարանական ընտրություններից առաջ։ Քվեարկությունը շաբաթ օրն է, վաղը լռության օր է՝ քարոզարշավն արգելված է։ Հանրահավաքն անցկացվեց նույն հրապարակում, որտեղ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել «Վրաստանը ընտրում է Եվրամիությունը» կարգախոսով քաղաքացիական հասարակության և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջնորդած հանրահավաքը։
Իշխող ուժը քարոզարշավի ողջ ընթացքում կրկնում է նույն թեզը, որ ընդդիմությունը երկիրը կտանի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացմանը, իսկ իրենք խաղաղություն են ապահովում։
Այս հիմնական թեզը, որ ընդդիմությունը համարում է, որ ժողովրդին ահաբեկում են պատերազմի կեղծ վտանգով, «Վրացական երազանքի» առաջնորդները պնդեցին նաև Թբիլիսիի Ազատության հրապարակում երեկ անցկացված հանրահավաքում։
«Եվս մեկ անգամ պետք է հիշենք, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունը վճռորոշ հանրաքվե է։ Կշեռքի երկու նժարներին պատերազմն է ու խաղաղությունը, անբարո քարոզչությունն ու ավանդական արժեքները, ատելությունն ու սերը, մութ անցյալը և Վրաստանի պայծառ ապագան», - հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրահավաք Թբիլիսիում՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»Իսկ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ հոկտեմբերի 26-ի օրակարգում քաղաքական համակրանքն ու հակակրանքը չեն, այլ «Վրաստանի լինել-չլինելը»։
Նա ինչպես միշտ մեղադրեց նախկին իշխանություններին՝ ասելով, որ 2003 թվականից Վրաստանը ղեկավարում էր դրսի ուժերից կառավարող ռեժիմը։ Նա Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումը» մեղադրեց նաև 2008-ի ռուս-վրացական կարճատև պատերազմի ու կորուստների համար։
Իվանիշվիլին սպառնաց հաղթանակի դեպքում պատասխանատվության ենթարկել ընդդիմությանը. - «Մենք կստիպենք «Միացյալ ազգային շարժմանը» և նրա արբանյակ կուսակցություններին օրենքի ողջ խստությամբ պատասխան տալ Վրաստանի բնակչության դեմ իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար»։
Նա գովաբանեց իրենց իշխանությունը՝ ասելով, որ իրենց կառավարման ժամանակ երկիրը զարգանում է, տնտեսությունը աճում է, և պայքար է մղվում ներքին ու արտաքին սպառնալիքների դեմ։ Նրա ներկայացրած տվյալներով՝ «Վրացական երազանքի» 12 տարվա իշխանության արդյունքում աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացել են, աղքատությունը կրճատվել է, տնտեսությունը աճել է, բյուջեն մեծացել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարևան Հայաստանի եվրոպական ապագան կախված է Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից․ վրացահայ ակտիվիստՉնայած Արևմուտքի խիստ քննադատություններին, Վրաստանի ներկայիս իշխանությունների ռուսամետ համարվող քաղաքական կուրսին՝ Իվանիշվիլին համարում է, որ մինչև 2012թ. իրենց իշխանության գալը Վրաստանը եվրոպական իրական հեռանկար չի ունեցել, և որ իրենց իշխանության ժամանակ է զարգացել Եվրամիության հետ հարաբերությունները, իսկ իրենց գլխավորությամբ երկիրը կդառնա եվրոպական ընտանիքի անդամ։
«Վրացական երազանքի» կառավարությունը Վրաստանի համար հասավ առանց վիզային ռեժիմի, Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակին։ Հավատացնում եմ ձեզ, հատկապես երիտասարդությանը, որ մենք անպայման այդ գործընթացը կհասցնենք տրամաբանական ավարտին, և մեր գլխավորությամբ Վրաստանը կդառնա եվրոպական ընտանիքի արժանի անդամ», - ասել է Իվանիշվիլին։
«Մարդ, որը գնել է երկիրը», այսպիսի վերնագրով Բիձինա Իվանիշվիլիի մասին հոդված է հրապարակել «Politiko» հանդեսը։
«Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 26-ի ընտրությանը, որը շատերը համարում են կոշտ ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Իվանիշվիլին ավելի հաճախ է դիտարկվում որպես Վրաստանը Եվրամիության ուղեծրից դուրս բերող ուժ, որպեսզի հանդարտեցնի Մոսկվային», - գրում է պարբերականը՝ նշելով, որ Իվանիշվիլին իր հարստությունը 90-ականներին կուտակել է Ռուսաստանում։
«Politiko»-ն հիշեցնում է Իվանիշվիլիի եղբորը առևանգելու դրվագը, որին ազատելու համար առևանգողները փրկագին էին պահանջել։ Երիտասարդ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին այն ժամանակ դիմել էր Ռուսաստանի օգնությանը։
Ռուսական անվտանգային ծառայությունների հարցերով փորձագետ Իրինա Բորոգանը «Politiko»-ի հարցազրույցում անդրադառնալով այդ պատմությանը՝ ասել է․ - «Երբ դուք սկսում եք համագործակցել կառավարության կամ անվտանգության ծառայությունների հետ, նրանք այլևս երբեք ձեզ տեսադաշտից դուրս չեն թողնի»։
Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանքը» իշխանության եկավ 2012 թվականին, երբ Վրաստանում որոշվեց նախագահական կառավարումից անցնել խորհրդարանական կառավարման։ Այդ որոշումը մեկնաբանվում էր որպես Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությունը երկարաձգելու քայլ, քանի որ նա այլևս չէր կարող առաջադրվել նախագահի թեկնածու, բայց խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց։