2020 թվականի նախագահական ընտրարշավի սկզբից ի վեր Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, հայտարարում է բելառուսական "Весна" իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Լեոնիդ Սուդալենկոն։
Ըստ "Весна"-ի՝ այս ժամանակահատվածում ավելի քան 3 հազար 380 մարդ քաղբանտարկյալ է ճանաչվել, գրեթե երկու հազարն ազատ է արձակվել, իսկ 1134-ն ամբողջությամբ կրել է պատիժը։ Մյուսները կա՛մ գտնվում են քննչական մեկուսարաններում և/կա՛մ լքել են երկիրն՝ առանց պատիժը կրելու։
Սուդալենկոն նաև ասել է, որ "Весна"-ի հաշվարկներով, այս պահին քաղաքական դրդապատճառներով առնվազն 5 հազար 472 մարդ է դատապարտված։
2020 թվականի օգոստոսին Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ զանգվածային բողոքի ցույցեր մեկնարկեցին։ Այդ ընտրություններում վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները Լուկաշենկոյի հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում էին պահանջում՝ իշխանություններին մեղադրելով նաև ընդդիմության հանրահավաքների մասնակիցների նկատմամբ աննախադեպ կեղծիքների և դաժան վերաբերմունքի համար։
Իրավապաշտպանների տվյալներով՝ բողոքի ցույցերը ճնշելու ընթացքում առնվազն ութ մարդ է սպանվել։
Իշխանությունները հազարավոր քրեական գործեր են հարուցել ընդդիմադիրների նկատմամբ, հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ, ազատազրկվել են։ Զանգվածային բռնաճնշումներից հետո բողոքի ցույցերը Բելառուսում գործնականում դադրել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է հալածանքները ընդդիմախոսների նկատմամբ. Տիխանովսկայա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսական ընդդիմության առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման