Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպել է իր երկրում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ և այդ հանդիպմանը ասել է, որ Բելառուսը կցանկանար վերադարձնել բարի հարաբերությունները Հայաստանի հետ։
«Վատ չի լինի, եթե բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, ինչպես նախկինում՝ բարի հարաբերություններ կառուցվեն Հայաստանի հետ։ Հավատացեք, մեր մեղքն այդտեղ բացարձակապես չկա։ Մենք ամեն կերպ ձգտել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել։ Բայց ահա տեսնում եք՝ ցանկացան Արևմուտքը, Եվրամիությունը»,- պետական «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն, հավելելով, թե Արևմուտքին պետք չէ հավատալ։
Նա Երևանին կոչ է արել չկորցնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ասելով, թե Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի այցելելու Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի Բաքու կատարած այցի ժամանակ հայտնի դարձավ, որ մինչև 2020 թվականի պատերազմը նա Ալիևի հետ քննարկել էր ադրբեջանական կողմի հաղթելու շանսերը։
Մինչ այս բացահայտումը, հայտնի էր, որ Բելառուսը Ադրբեջանին զենք վաճառող երկրներից մեկն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Մինսկը ետ են կանչում դեսպաններին, ՀՀ պաշտոնական այցեր Բելառուս չեն լինի