Բելառուսի Արտգործնախարարություն է կանչվել Մինսկում ՀՀ դեսպանատան աշխատակիցը՝ պարզաբանումներ ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակ Անատոլի Գլազը։
«Այսօր ԱԳՆ է կանչվել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի փորձի մեզ բացատրել այս հարցը։ Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, առաջիկայում Երևանից Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը»,- ասել է Գլազը:
Բելառուսի կառավարության ներկայացուցիչն հավաստիացրել է, թե Մինսկը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ «որքան էլ հայաստանյան իշխանություններին դրդում են դրան արտաքին խաղացողները»։
Այսօր խորհրդարանում 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմպուլսիվ հայտարարություններ»․ Մինսկի արձագանքը ՓաշինյանինԱվելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
Մինսկն այսօր արձագանքել է Փաշինյանին և հիշեցրել բելառուս ընդդիմադիրների հետ հայաստանցի պաշտոնյաների շփումների մասին։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ հայտնեց, որ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների․ ՀՀ ԱԳՆ