Բայրամովը կրկին խոսում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր կրկին անդրադարձել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության թեմային։

Անկարայում Թուրքիայի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ավարտին Բայրամովն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի շուրջ տարվող աշխատանքներն ավարտելու կարևորությունը։

«Ադրբեջանը կշարունակի կառուցողական ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, սակայն, Հայաստանի Սահմանադրությունում և մի շարք այլ իրավական-նորմատիվ ակտերում պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանից, ինչպես նաև ռևանշիտսական միտումները մտահոգության տեղիք են տալիս»,-APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բաքուն պարբերաբար է խոսում ՀՀ Սահմանադրությունը փոխելուց: Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։