Բայրամովը Խովաևի հետ հանդիպմանը կրկին դժգոհել է Հայաստանի սահմանադրությունից

Արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները։

Ըստ նույն աղբյուրի՝ Ջեյհուն Բայրամովը շեշտել է, որ բանակցային գործընթացում «հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են»։

  • Պաշտոնական Բաքուն արդեն ավելի քան կես տարի է՝ պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, ընդգծելով, թե առանց դրա խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար կլինի։
  • Երևանը պնդում է, թե մայր օրենքի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Բացի այդ, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։
  • Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր. - «Յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում։ Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ՀՀ քաղաքացի չէ, իսկ ապագա Սահմանադրության շարադրանքը պետք է քննարկել միայն ՀՀ քաղաքացիների հետ․ Իոաննիսյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչու է Ադրբեջանը Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը խաղաղության նախապայման համարում