Բայդենը Նեթանյահուին, Գալանտին ձերբակալելու ՄՔԴ օրդերը վրդովեցուցիչ է որակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի օրդերը վրդովեցուցիչ է որակել։

Դատարանը Բենիամին Նեթանյահուից և Յոավ Գալանտից բացի միջազգային հետախուզում է հայտարարել նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման գլխավոր հրամանատար Մոհամեդ Դեյի նկատմամբ։

«Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ հայտարարել՝ ինչի էլ եզրահանգի ՄՔԴ-ն, Իսրայելի և «Համաս»-ի միջև որևէ հավասարություն չկա՝ բացարձակապես: Մենք միշտ ենք աջակցելու Իսրայելին՝ անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում», - ասված է ԱՄՆ նախագահի հայտարարությունում։

Միջազգային քրեական դատարանը, երեկ հայտարարելով ձերբակալության օրդերի մասին, պնդել է, որ հիմքեր ունի եզրահանգելու, որ Նեթանյահու-Գալանտ զույգը մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ է իրականացրել Գազայի հատվածում՝ սովը որպես զենք է կիրառել, սպանություններ, հալածանքներ և այլ անմարդկային արարքներ իրականացրել։

Դատարանը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարները՝ վարչապետն ու պաշտպանության արդեն նախկին նախարարն, անձամբ են պատասխանատվություն կրում «քաղաքացիական բնակչության դեմ դիտավորյալ հարձակումների համար», և որ նրանց «դիտավորյալ և գիտակցված» որոշումների արդյունքում «Գազայի բնակչությունը զրկվել է գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից, այդ թվում՝ սննդից, ջրից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրականությունից»։

«Այդ ամենը հանգեցրել է խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան՝ թերսնման, ջրազրկման հետևանքով»,- հայտարարել է դատարանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի, Գալանտի, Դեյֆի ձերբակալության օրդեր տվեց