Բաքուն ՀՀ տարածքը հստակ մակերեսով ճանաչելու մասին չի հայտարարում. ՔՊ-ում դա խնդիր չեն համարում խաղաղության պայմանագրի կնքման համար

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, 14-ը մայիսի, 2024թ.

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման համար խնդիր չեն համարում այն, որ Բաքուն մինչ օրս չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հստակ մակերեսով ճանաչելու մասին:

Անցած տարի Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Երևանն ու Բաքուն պայմանավորվեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։ Ավելի քան մեկ տարի անց Բաքվից որևէ պաշտոնյա Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ մակերեսով ճանաչելու մասին հայտարարություն չի արել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը

Իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վստահեցնում է, թե սա շարունակում է մնալ կարևոր հարց Երևանի համար, բայց և նշում է. - «Շատ կարևոր է, որ մենք անցել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որտեղ հղում կա Ալմա-Աթայի հռչակագրին, այսինքն՝ այդ կանոնագիրքը, որով որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա, հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, և դա արդեն իսկ կարևոր է»:

Հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի ստորագրումից հետո Երևանն արդեն սկսել է դրա վավերացման գործընթացը, Բաքուն՝ առնվազն մինչ այս պահը փաստաթուղթն անգամ չի հրապարակել: Կողմերը համաձայնել են սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել, բայց եթե խաղաղության համաձայնագրում այլ սկզբունք ամրագրվի, կանոնակարգում բազային սկզբունք համարվող Ալմա-Աթայի հղումը ևս կփոխվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասով ՍԴ նիստը՝ սեպտեմբերի 24-ինԿառավարությունը հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգինՀրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

Նույն սկզբունքը խաղաղության պայմանագրի նախագծի վերջին խմբագրումներում համաձայնեցվել է, թե՝ ոչ, իշխանական պատգամավորը տեղյակ չէ: Իսկ դրանից առաջ, ասում է, համաձայնություն չի եղել:

Արդյոք կա՞ մտահոգություն, որ Բաքուն խուսափում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Արուսյակ Ջուլհակյանը հիշեցնում է Ադրբեջանի նախագահի բանավոր հայտարարությունները, որոնք, սակայն, առանց 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի հիշատակման էին:

«Բաքուն առանձնապես կառուցողական չէ իրեն դրսևորում բանակցությունների ընթացքում, և դրա մասին է վկայում ոչ միայն այն, որ վերջինս կոնկրետ մակերեսի մասին առնվազն բանավոր հայտարարություն չի անում՝ հենց իրենց շուրթերով, որովհետև, եթե հիշում եք, այն հանդիպումը, որի ժամանակ, ըստ էության, ֆիքսվել են կոնկրետ մակերեսներ, և, ըստ էության, Ադրբեջանի կողմից որևէ հերքող բան, հերքող հայտարարություն չի եղել, որ իրենք նման պայմանավորվածության չեն հանգել», - ընդգծեց ՔՊ պատգամավորը:

Արցախի անկումից չորս ամիս առաջ վարչապետ Փաշինյանը, երբ խոսում էր միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ մակերեսով ճանաչելու կարևորությունից, պատճառաբանում էր, թե Բաքուն Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը չի ճանաչում, որովհետև Երևանն էլ Ադրբեջանի 86 հազար 600-ը չի ճանաչում: Այն ժամանակ վարչապետը նաև այդպես էր հիմնավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, ճանաչելու որոշումը:

«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետրը, և ակնկալում եմ, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հետագայում արդեն Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևոր սկզբունքներից է միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ մակերեսով ճանաչելը. այդպես, ըստ նրա, հնարավոր կլիներ խուսափել երկիմաստություններից:

«Տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու պայմանավորվածությունը հենց դրա համար է ձեռք բերվել, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելիս երկիմաստություններ թույլ չտան, ասենք, օրինակ` ասելով, թե տվյալ երկրի տարածքի մի մասը իրականում իրեն չի պատկանում», - ասաց վարչապետը:

Տևական ժամանակ է՝ Երևանն առնվազն հրապարակային չի պահանջում, որ Բաքուն խոսի Հայաստանի տարածքը հստակ մակերեսով ճանաչելու անհրաժեշտությունից, այն դեպքում, երբ հայկական տարածքներից որոշ հատվածներ շարունակում են օկուպացված մնալ: Արդյոք խաղաղության պայմանագրի կնքումից հետո ադրբեջանական զորքը դուրս կգա Հայաստանի ինքնիշխան տարածքից, իշխանության ներկայացուցիչները հույս ունեն, բայց վստահություն՝ ոչ: