Բաքվում COP29-ին Պուտինի մասնակցության մասին դեռ որոշում չկա․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ

Բաքվում կայանալիք COP29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին դեռ որոշում չկա,«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի համաժողովին։

«Դեռ որոշում չի կայացվել։ Ռուսաստանը, իհարկե, ներկայացված կլինի», - ասել է Պեսկովը։

Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության բոլոր ղեկավարներին հրավիրել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Միջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 11-ին։

ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։

Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ համաժողովին, Երևանը դեռ որոշում չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց հարսանիքների, բազմաթիվ քաղբանտարկյալներով. ինչպես է Բաքուն պատրաստվում COP29-ին