Դեռ հստակ չէ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին, ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, դեռ պարզ չէ», - ասել է Պեսկովը։
ՄԱԿ-ի այս միջոցառումը Բաքվում կմեկնարկի նոյեմբերի 11 և կավարտվի նույն ամսվա 24-ին։
Կիևը կոչ է արել միջազգային հանրությանը՝ բոյկոտել միջոցառումը, եթե Պուտինը մասնակցի այդ համաժողովին։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, թե Պուտինը դիտարկում է Բաքվի համաժողովին մասնակցելու հնարավորությունը։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։
Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ համաժողովին, Երևանը դեռ որոշում չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց հարսանիքների, բազմաթիվ քաղբանտարկյալներով. ինչպես է Բաքուն պատրաստվում COP29-ին