Մատչելիության հղումներ

Առանց հարսանիքների, բազմաթիվ քաղբանտարկյալներով. ինչպես է Բաքուն պատրաստվում COP29-ին


Ուղիղ մեկ ամսից Ադրբեջանում կմեկնարկի COP29 համաժողովը։

ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․

Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Իրավապաշտպան կազմակերպությունները մինչև այս պահը քննադատում են ու պահանջում չեղարկել այդ որոշումը՝ հիշեցնելով՝ ինչպես է իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիևն ոտնատակ տալիս մարդու իրավունքներն ու կլիմայի պահպանությանն ուղղված խոստումները։

Ինչ է COP29

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-24-ը։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 70-80 հազար ներկայացուցիչ՝ տասնյակ պետություններից, աշխարհահռչակ ընկերություններից ու գիտական ​կազմակերպություններից: Օրակարգում են բազմաթիվ հարցեր՝ մաքուր էներգիայի անցնելու ուղիներից մինչև էներգետիկ ոլորտում տեխնոլոգիական նորարարություններ:

Նախորդ տարիներին COP-ը հյուրընկալել են Արաբական Միացյալ Էմիրությունները (2023թ.), Եգիպտոսը (2022թ.), Շոտլանդիան (2021թ.):

«Աննախադեպ միջոցառում», թե՞ շահերի բախում

Աշխարհում սեփական վարկանիշը բարձրացնելու համար Ադրբեջանի իշխանությունները նախկինում էլ են միջազգային միջոցառումներ հյուրընկալել, այդ թվում՝ Formula-1-ի մրցաշարերից մեկը։

Սակայն COP29-ի պես խոշոր և լուրջ գագաթնաժողով Բաքուն իր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ է կազմակերպում։

Երկրի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, թե COP29 -ի շնորհիվ «աշխարհում բոլորը ևս մեկ անգամ կտեսնեն», որ Ադրբեջանի նավթի և գազի օրակարգը կապված է կանաչ էներգիայի հետ։

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ մինչդեռ պնդում են՝ մեղմ ասած, տեղին չէ Ադրբեջանի պես երկրում «կանաչ ապագան» քննարկելը։

Transparency International-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը հաջորդ տասնամյակում, ինչը հակասում է բնապահպանական օրակարգին (մասնավորապես, նախորդ՝ COP28 համաժողովի շրջանակային կոնվենցիայում խոսվում է հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու, վերականգնվող էներգիայի անցնելու և մինչև 2050 թվականը ածխածնի չեզոքության հասնելու մասին)։ Կազմակերպությունը տարակուսած է նաև այն փաստից, որ COP29-ը նախագահում է Մուխթար Բաբաևը՝ վիճահարույց գործելաոճով հայտնի SOCAR պետական նավթային ընկերության նախկին ղեկավարը։

«Տագնապալի է, որ կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցությունները պետք է նախագահի նավթարդյունաբերության հետ կապեր ունեցող մի անձ », - հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կազմակերպությունը, ընդգծելով, որ սա մեծացնում է շահերի հնարավոր բախման վտանգը։

Հարյուրավոր քաղբանտարկյալներ, որոնք «գոյություն չունեն»

«Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի ինդեքսում Ադրբեջանը տարածաշրջանում վատթարագույններից է, երկիր, որտեղ ընդդիմախոսներն ու լրագրողները բանտված են, քաղաքացիական ազատությունները՝ սահմաանփակված», - թվարկում է Transparency International-ը։

Այս հայտարարության հրապարակման պահին Ադրբեջանում 254 քաղբանտարկյալ կար, հաջորդ՝ ընդամենը 6 ամսում նրանց թիվը գերազանցեց 300-ը։ Ճաղերի հետևում հայտնվեց լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքական և հասարակական գործիչների հերթական խումբը, բանտարկվեցին անգամ երիտասարդ գիտնականներ, որոնք ընդդիմացել էին Ալիևի վարչակազմի ռազմատենչ քաղաքականությանը Հայաստանի դեմ։

Ապրիլից բանտում է ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից Անար Մամեդլին։ Նա COP29-ին ընդառաջ հիմնադրել էր «Արդար կլիմայական միջավայր» նախաձեռնությունը, հույս ունենալով, որ հեղինակավոր հավաքի ընթացքում ու դրա շնորհիվ կկարողանա քննարկել Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և շրջակա միջավայրի խնդիրները։ Արդյունքում, սակայն, նա հայտնվեց բանտում։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան COP29 գագաթնաժողովին ընդառաջ ընդդիմախոսների ցինիկ ձերբակալություններին։ Անար Մամեդլիի ձերբակալությունն այս մտահոգիչ արշավի ևս մեկ աղաղակող օրինակ է», - հայտարարել է Amnesty International-ը։

Բաքուն կտրականապես հերքում է քաղբանտարկյալների առկայությունը, սուտ որակում բռնաճնշումների, հալածանքների մասին հաղորդումները, հայտարարում, որ ադրբեջանցի իրավապահները բացառապես քրեական հանցագործություններ կատարած անձանց դուռն են թակում։

«Ջերմացման» սին հույսեր, նոր ձերբակալություններ

Մինչև միջոցառման անցկացումն Ադրբեջանում և արևմուտքում շատերն էին կարծում, որ COP29-ի նախօրեին Ալիևի կառավարությունը կարող է «մեղմել կոշտ դիրքորոշումը»՝ իր հեղինակությունը բարելավվելու համար։ Այդ մասին հուշող որևէ նախանշան, սակայն, առայժմ չկա։

Հակառակը, անցած 11 ամիսներին, որքան մոտենում էր COP29-ը, այնքան ընդլայնվում էր ձերբակալությունների շրջանակը։

Օգոստոսին բանտում հայտնվեց հայտնի լրագրող, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Չեխական Կարլովի համալսարանի դոկտորանտը մինչ այդ քննադատում էր ղարաբաղյան պատերազմներն ու ակտիվորեն մասնակցում խաղաղասիրական մի շարք հարթակների։ Այսօր ադրբեջանական պետական լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես լրտես, որը հավաքագրվել է ՀՀ հատուկ ծառայությունների կողմից։

Սամեդովից առաջ նույն մեղադրանքով բանտարկվել էր մեկ այլ երիտասարդ հետազոտող՝ թալիշ Իգբալ Աբիլովը։

«Այս պայմաններում մեծ են մտահոգությունները, որ բնապահպանները, մարդու իրավունքների պաշտպաններն ու լրագրողները կարող են ազատ և անվտանգ մասնակցել Բաքվում կայանալիք միջազգային համաժողովի աշխատանքներին», - հայտարարել են աշխարհի առաջատար իրավապաշտպան կազմակերպություններն, այդ թվում՝ Climate Rights International-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը, Հենրիխ Բյոլլի հիմնադրամը։

«Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի իրավիճակը պարտավորեցնում է ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը և անդամ պետություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ անվտանգ տարածք ապահովելով COP29-ին քաղհասարակության մասնակցության համար»,- ընդգծում են համատեղ հայտարարության հեղինակները։

Թունավոր ոսկի. ինչ է հայտնի Ադրբեջանի բնապահպանական խնդիրների մասին

Ադրբեջանում բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը, որը սուր է առնվազն 2020 թվականից, գլխավոր գետի՝ Քուռի ծայրաստիճան ծանծաղացումն է, ինչի պատճառով որոշ շրջաններում խմելու, ոռոգման ջրի պակաս կա։

Ecofront անկախ կազմակերպության ղեկավար Ջավիդ Գարի խոսքով, գետը «նվաղել է» վերջին տարիներին ստեղծված գյուղատնտեսական պատկերի պատճառով, որոնք հիմնադրել են պաշտոնյաներն ու գործարարները։

Բնապահպաններն ու տեղի բնակիչները ահազանգում են նաև Ադրբեջանի անտառներում հազվագյուտ կենդանիների և թռչունների ապօրինի որսի, զանգվածային ծառահատումների, Կասպից ծովի աղտոտվածության մասին։

Բայց քչերն են համարձակվում այս մասին բարձրաձայն խոսել։ Սոյուդլու գյուղում Ալիևի վարչակազմը հստակ գործողություններով ցույց տվեց՝ ինչ է սպառնում «խոսելու» դեպքում։ 2023 թվականի հունիսին բնակիչները որոշել էին կանխել ոսկու հանքի շահագործումը, պնդում էին՝ գյուղի մերձակա սարերից մեկում կառուցված պոչամբարի արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ անասնապահությունը դարձնելով գրեթե անհնարին։ Բնապահպանները հաստատել էին, որ ցիանիդ պարունակող ոսկու արդյունահանման թափոնները լցվում են արհեստական լիճ, որը տեղացիները կոչել են «թունավոր լիճ»։

«Թող [պաշտոնյաները] գան այս լճի մոտ քայլեն, տասը րոպեից գլուխդ կսկսի պտտվել»,- բողոքի ցույցի ժամանակ առաջարկել էին գյուղացիները։

Կարճ ժամանակ անց գյուղ էին մտել հատուկ ջոկատայինները։ Տարածված տեսանյութերում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի ոստիկաններն արցունքաբեր գազ փչում տարեց կանանց դեմքին, հարվածներ հասցնում նրանց, ինչին ի պատասխան գյուղացիները քարեր և փայտեր էին շպրտում։

Երկու օր շարունակված բախումների ընթացքում 10 ցուցարար վնասվածքներ էր ստացել, 6-ը՝ ձերբակալվել։ Ցույցերից հետո Ադրբեջանի իշխանությունները շաբաթներով մեկուսացրին գյուղը՝ արգելափակելով բնակավայի ելումուտը։

Ինչպես է Բաքուն պատրաստվում COP29-ինարգելված են անգամ հարսանիքները

Միջազգային միջոցառմանն ընդառաջ Բաքվի փողոցներում նոր ասֆալտ են փռում, կենտրոնական հատվածի որոշ շենքերի դիմապատերը ներկում։ Իշխանությունները նաև հայտարարել են մի շարք սահմանափակումների մասին․ նոյեմբերի 12-ից, մասնավորապես, դպրոցներում դասեր չեն լինի, բուհերը կանցնեն հեռավար ուսուցման։ Թեև համաժողովի ընթացքում քննարկվելու է նաև երիտասրադների դերը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, սակայն, Ալիևի վարչակազմն ուզում է, որ նրանք այդ ժամանակ «փողոցում չերևան»։ Արգելված են նաև հարսանիքներն ու մյուս զանգվածային միջոցառումները, տրանսպորտը Բաքվում կգործի սահմանափակումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG