Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով, հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակը։
Անի Բադալյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Հայաստանի սպառազինության տեխնիկայի ձեռքբերումների վերաբերյալ և հնչեցրած սպառնալիքներին, հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։
Բացի այդ, ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Իլհամ Ալիևը։
Պաշտոնական Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։
Պաշտոնական Բաքուն, սակայն, պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, դժգոհում է սպառազինությունից և այլն։ Նախօրեին էլ պնդել է, թե Երևանը պետք է «պատժի ռազմական հանցագործներին»։
Հայաստանի ԱԳՆ խոսնակը հիշատակել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։
«ՀՀ-ն հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները», - նշել է Անի Բադալյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին». ՀաջիևԸստ նրա՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այդ շեշտադրումներն անում. - «Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար»:
Երևանից շեշտում են, որ պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են, ըստ խոսնակ Անի Բադալյանի՝ դրանք են՝ արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից կամ հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից:
Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը պաղաղության օրակարգին և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջիևը չի կարող ասել՝ գերեզմանում հայտնաբերվածները հայեր են, ադրբեջանցիներ, թե այլ ազգերի ներկայացուցիչներ. Անդրանիկ Քոչարյան