Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների դատավարությունը Բաքվում շարունակվում է փակ դռների հետևում, առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կազմակերպությունների, ադրբեջանական պետական լրատվամիջոցն է տեղեկություններ հայտնել երեկվա նիստից:
«Այն ամենն, ինչ տեղի է ունենում Բաքվի դատարանում, ուղղակի մեղք կլինի անվանել իրավական գործընթաց», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ըստ ադրբեջանական «Ազերթաջ»-ի՝ Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել ու պատմել է, որ Արցախում քաղաքականությունը թելադրվում էր Հայաստանից, ռազմական ու ֆինանսական հարցերն էլ Երևանից էին որոշվում: Նշանակումներն էլ Հայաստանի ղեկավարն էր անում:

Բաքվի դատարանից ներկայացվող ցուցմունքներում մեղադրանքի սլաքները Հայաստանի ուղղությամբ են, և սա կոնկրետ նպատակով է, վստահ է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն, ինչպես իրենք ավելի վաղ փուլում են դրա մասին ոչ պաշտոնապես հայտարարել, լեգիտիմ հիմք նախապատրաստել Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար: Դա կդրսևորվի քաղաքական շանտաժի միջոցով, որևէ փուլում կդրսևորվի սադրանքների միջոցով, թե կբերի առավել մասշտաբային գործողությունների համար, այսպես կոչված, նախապատրաստված պապկաների, դա արդեն ժամանակի հարց է», - ասաց Աբրահամյանը:
Ադրբեջանը կեղծ ցուցմունքներով ու շինծու դատավճիռներով փորձելու է ապացուցել, թե Արցախը Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդամենը տարածքային վեճ է ու այդպիսով փակել ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման, շեշտում է պատգամավոր:
«Մի բան, որը երեք տասնամյակ փորձել է, ձգտել, սակայն բանակցային գործընթացում ինքնորոշման իրավունքի սկզբունքը առանձին որպես սկզբունք սահմանվել է և սրա շուրջ երկար ժամանակ նույնիսկ բանակցություններ են ընթացել», - նշեց Տիգրան Աբրահամյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վաշինգտոնն ընդգծել է նաև հայ գերիների ազատ արձակումը»․Գենսերը կոչով դիմել է Փաշինյանին, ՄիրզոյանինԱդրբեջանում ընդունված վճիռները Բաքվից դուրս արժանահավատ չեն: Դրանք կորզում են կյանքի սպառնալիքների գնով, ընդգծում է պատգամավորը: Դեռ այս դատավարության մեկնարկի նախօրեին էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ահազանգել Բաքվի ճնշումների, հորինված ու կեղծ ցուցմունքների մասին:
«Պրոցեսը ծայրից ծայր, ամբողջությամբ քաղաքական է, այսօր կցվում ու ըստ դերակատարի ներկայացվում է ճիշտ այնպես, ինչպես նախապես քաղաքական իշխանությունը դա ծրագրավորել է», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Արա Ղազարյան. «Բաքուն այս դատավճիռներով միջազգային իրավական հարթակներում ոչ մի բանի չի հասնի»
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Բաքուն այս դատավճիռներով միջազգային իրավական հարթակներում ոչ մի բանի չի հասնի: Օրինակ՝ ինտերպոլը այդ դատավճիռների հիման վրա չի համագործակցի Ադրբեջանի հետ, եթե հետախուզում հայտարարվի հայերի նկատմամբ, որոնց անունները կան մեղադրանքներում:
«Ինտերպոլը չի համագործակցի երկու պատճառով. առաջինը՝ կան ողջամիտ կասկածներ, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, երկրորդը՝ այդ դատավարությունը քաղաքական է, իր նպատակներով քաղաքական հետապնդում է: Ինտորպոլի կանոնադրությունն արգելում է ինտերպոլը որպես միջազգային հետախուզման գործիք օգտագործել այնպիսի քրեական գործերում, որտեղ կա կասկած, որ այդ անձը կենթարկվի ընդունող երկրում խոշտանգումների, կամ էլ ընդունող երկրում քրեական հետապնդումն իր բնույթով քաղաքական է», - ասաց Ղազարյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ միջազգային քաղաքական հարթակներում էլ դա կշիռ չի ունենա: Հիշեցնում է օրերս Եվրախորհրդարանում պատգամավորների մեծամասնությամբ է ընդունվել բանաձևը: Ըստ Արա Ղազարյանի՝ այս դատավարություններն ու դատավճիռները Ադրբեջանի իշխանության ու ներքին լսարանի համար են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռազմագերիների ազատ արձակում, արցախահայերի վերադարձ»․ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձևը«Էդ դատավարությունները կմնան Ադրբեջանի ներսում: Ադրբեջանը կփորձի դա կապիտալիզացնել, բայց քանի որ դատավարությունը չի համապատասխանում արդար դատաքննության սկզբունքներին, լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է, արդյունքները միջազգային հանրությունը չի ընդունի ու մեխանիզմներն էլ չեն աշխատի», - ընդգծեց նա:
Որ Բաքվում այս դատավարությունները կեղծ են, հայերը ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, նրանց նկատմամբ կիրառվում են արգելված հոգեմետ միջոցներ, արձանագրել է նաև Եվրախորհրդարանը: Երեք օր առաջ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ, առանց նախապայմանների ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս հայ գերիներին:
15 հայերի դատավարությունը կշարունակվի ապրիլի 13-ին: Նրանցից առանձին է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատը: