Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլի 23-րդ օրը Բաքվի բանտից երկրորդ ձայնային ուղերձն է հղել՝ հայտնելով հացադուլը դադարեցնելու մասին ու քննադատել Հայաստանի իշխանությանը:
Ընտանիքի միջոցով փոխանցված ուղերձում Վարդանյանը վստահեցրել է, թե գերազանց վիճակում է, թեև վերջին լուսանկարներում նա ակնհայտորեն հյուծված էր:
Վարդանյանի խոսքով՝ հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Դատաքննությունը նա շոու է անվանել ու հայտարարել, այն ոչ թե այժմ Բաքվի զինվորական դատարանի առջև հայտնված 16 հայերի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ է՝ որպես պետության ընդհանրապես, նաև ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ:
«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ», - նշել է Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանն անդրադարձել է իր դեմ օրերս Բաքվի դատարանում ցուցմունք տված Կամո Հայրապետյանին ու Մուշեղ Գրիգորյանին։ Տեղահանումից հետո Արցախում մնացած այդ երկու հայերը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պնդել էին, թե իբր Վարդանյանն Ադրբեջանի դեմ կռվելու համար խմբեր է կազմել, ռազմական երեք պահեստ է հիմնել, իբր ականապատման գործընթացն է ակտիվացրել, ու Ադրբեջանի դեմ կռվելու քարոզչություն իրականացրել:
Ըստ Վարդանյանի՝ այդ մարդկանց օրինակը ցույց է տալիս, որ եթե արցախցիները մնային իրենց տներում, նրանց հանգիստ չէին տալու. - «Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի: Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել»:
Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ, նրա ձևակերպմամբ, «բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում»:
«Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե՝ ոչ: Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից», - ընդգծել է նա:
Ռուբեն Վարդանյանն ակնարկում է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող պնդումները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հարությունյանը դատարանում ցուցմունք էր տվել, հայտարարելով՝ իբր «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին պատերազմը դադարեցնելու մասին, սակայն Հայաստանի վարչապետը չի տվել այդ հնարավորությունը։
Վարդանյանը հայտարարել է Հայաստանը կորցնելու վտանգի մասին
Հայաստանի իշխանությունը Բաքվում ընթացող դատավարությունները թատերականացված է համարում: Պաշտոնական Երևանը պնդում է՝ դրանք դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով են ընթանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե հայերի նկատմամբ արգելված միջոցներ են կիրառվում, որպեսզի ցուցմունքներ կորզեն՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Շարունակելով Հայաստանի իշխանության քննադատությունը, Վարդանյանը հայտարարել է Հայաստանը կորցնելու վտանգի մասին ու փաստացի առանց անուն տալու՝ Հայաստանի ղեկավարին Քաջ Նազարի հետ համեմատել:
«Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա», - նշել է Արցախի նախկին պետնախարարը:
Նա վստահություն է հայտնել, թե ժողովրդի մեջ կան, իր ձևակերպմամբ, առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը հաղթահարվելու է։
«Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է»:
Ըստ ընտանիքի՝ 56-ամյա նախկին պաշտոնյան ևս մեկ ձայնային ուղերձ է հղել ու խնդրել այն հրապարակել կիրակի: Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն եթե միջազգային ներկայացուցիչներ լինեն:
Վարդանյանի դատն ու առանձին քննվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություննեն ընթանում են առանց միջազգային լրատվամիջոցների, դրանք լուսաբանելու հնարավորություն ունեն միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Բաքուն մտադիր է նաև փակել Կարմիր Խաչի կոմիտեի գրասենյակը, որը միջազգային միակ անկախ կառույցն է, որ 23 հայ ռազմագերիներին այցելելու հնարավորություն ունի: