Բաքվի դատարանն այսօր երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։
Արցախի նախկին պետնախարարն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։
Օրեր առաջ Բաքուն հաղորդեց, որ երկարաձգել է նաև Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի և մյուսների կալանքի ժամկետը։
Բաքուն նրանց ևս ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
Հոկտեմբերին Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք առաջադրեց՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, նյութերը, սակայն, դեռ դատարան չեն ուղարկվել։
«Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դա բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ տուժողները շատ են։ Մեղադրանքները բավականին լուրջ են՝ դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - ասել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ չհստակեցնելով՝ երբ գործերը կհասնեն դատարան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել, գործը դեռ դատարան չի հասել