Բաքուն երկարաձգել է Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի և մյուսների կալանքի ժամկետը։
Բաքուն նշում է, որ ընդհանուր առմամբ 14 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
Հոկտեմբերի սկզբին Բաքուն հաղորդեց, որ Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք է առաջադրվել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը, սակայն, դեռ դատարան չեն ուղարկվել։
«Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դա բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ տուժողները շատ են։ Մեղադրանքները բավականին լուրջ են՝ դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ չհստակեցնելով՝ երբ գործը կհասնի դատարան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել, գործը դեռ դատարան չի հասել