Պաշտոնական Բաքուն այսօր, ըստ էության, մերժեց Երևանի վերջին առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք արդեն համաձայնեցված էին, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին։
«Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», - ասել է նա։
Անցած շաբաթվա վերջին վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, ու Երևանն առաջարկել է այդ տեսքով ստորագրել փաստաթուղթը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետ
Փաշինյանը չէր գաղտնազերծել՝ որոնք են 13 համաձայնեցված հոդվածները, և ինչի շուրջ կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել։
Այսօր Ջեյհուն Բայրամովը ևս չի բացահայտել դրանց բովանդակությունը, սակայն ընդգծել է, որ չհամաձայնեցված այդ կետերը, որոնք Երևանն առաջարկում է դուրս թողնել պայմանագրից, կարևոր են Բաքվի համար. - «Համաձայնագրի նախագծում կարևոր կետեր ներառված չեն, և մեզ ասացին, որ սա է հարցի լուծումը։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են»։
Բաքվից հայտարարում են, թե Երևանն «ինտենսիվ զինվում է»
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր ևս պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչպես նաև կրկնել՝ Երևանն «ինտենսիվ զինվում է», ինչն, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։
Երեկ նման հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահի օգնականը։ Մեկ քայլ առաջ գնալով՝ Հիքմեթ Հաջիևը զուգահեռներ էր տարել Հայաստանի ու Իրաքի միջև և պնդել, թե պետք է «սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի ռազմական կարողությունների նկատմամբ»:
«Եթե ուշադրություն դարձնեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնեք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը։ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ։ Մենք կարծում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին, մեզ անհանգստացնում են. Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքուն կարող է վստահ լինել՝ Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ ենք տրամադրում». Ֆրանսիայի դեսպան«Ազատություն»-ը դիմել է Արտգործնախարարությանն ու Անվտանգության խորհրդին, որտեղից առայժմ չեն արձագանքել Հաջիևի այս հայտարարությանը։
Պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ. Սեյրան Օհանյան
Խորհրդարանական ընդդիմությունը Բաքվի նոր պահանջն անընդունելի է համարում։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների բացթողումների հետևանքով է Բաքուն նոր պայմաններ դնում Երևանի առաջ։
«Տեսնում եք, կառավարման համակարգում իրականացվող բոլոր միջոցառումները, հարցազրույցները և այլն, պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ ճնշումները շարունակական դարձնելու։ Դեռ ավելին՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարծես թե փաստաբանն են դարձել Ադրբեջանի Հանրապետության բոլոր հայտարարությունները հիմնավորելու», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Բաքվի նկատմամբ։
«Ադրբեջանն ինքը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ։ Այդ բոլոր պատժամիջոցները պետք է իրականացվեն Ադրբեջանի նկատմամբ», - ասաց պատգամավորը։
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանի Սահմանադրությունում ՀՀ նկատմամբ տարածքային հավակնություններ չկան
Շաբաթ օրը ասուլիսին վարչապետ Փաշինյանը հակադարձել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, նշելով, որ Երևանն էլ տարածքային նկրտումներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրությունում։
Բայրամովն այսօր արձագանքել է նաև Փաշինյանի այս հայտարարությանը՝ հայտարարելով, թե անտեղի են Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների համեմատությունների փորձերը, և պնդելով, թե Ադրբեջանի մայր օրենքում որևէ հարևան պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան: