Բաքվին մտահոգում է Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժի տեղակայումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում»։
«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», - հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական»։
«Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքը ընդլայնվում են», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։
2023-ի փետրվարին Հայաստան եկած եվրոպացի դիտորդները դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանը։ Բաքուն շարունակբար քննադատում է առաքելությունն անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Բաքվից պնդում են, թե դիտորդները սրում են իրավիճակը Հարավային Կովկասում, իսկ ամսվա սկզբին բացահայտեցին, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը։ Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այդ կետը Բաքվի հետ իսկապես քննարկվում է, և որ հայկական կողմն Ադրբեջանին հանդիպակաց առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։
Երևանում, սակայն, կարծիքներ են հնչում, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր զարգացում կլիներ, եթե Երևանը շարունակի բանակցել Բաքվի հետ ոչ միայն սահմանազատված, նաև այլ հատվածներից դիտորդների դուրս բերման շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդները պիտի մնան այնքան ժամանակ, որքան կպահանջվի Երևանի ու Բաքվի միջև վստահության համար. Աբրահամյան