Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն աջակցում է խաղաղության գործընթացը. Բաքուն քննադատում է Փարիզին և Երևանին

Ադրբեջանի և Հայաստանի դրոշները

Բաքուն մեղադրում է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Բանաձևը ողջունում է ապրիլի 19-ի արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը համերաշխություն է հայտնում Հայաստանին և խաղաղության գործընթացին

Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Ֆրանսիան «կոպտորեն չարաշահել է կառույցում իր նախագահության կարգավիճակը», իսկ Հայաստանը խաղաղության գործընթացի նկատմամբ «անհետաքրքրություն» է դրսևորում։ Ավելին, Բաքուն կոչ է արել Հայաստանին հրաժարվել «սադրիչ քայլերից» և քաղաքական կամք ու պատասխանատվություն դրսևորել՝ վերացնելու կարգավորման գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու մնացած խոչընդոտները՝ առաջին հերթին փոփոխելով իր Սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք, ըստ Բաքվի, «տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։

«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ընթանա կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով, կա՛մ շարունակի առճակատումը բոլոր ուղղություններով», - ասված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Երևանը բազմիցս և մի քանի օր առաջ էլ հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում ընդգծվել է նաև ուժի կիրառման անընդունելիությունը, այն կոչ է անում ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը վերահաստատում է անվերապահ աջակցությունը Հայաստանին

Այս շաբաթ Ֆրանսիայում էին Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը։ Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարել էր՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը կնքել արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ու շարունակել հետագա քննարկումները, ինչը Բաքուն մերժում է։ Արարատ Միրզոյանը էլ ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջխաղացման համար։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, մինչդեռ, այսօր ասել է, թե Հայաստանը շարունակում է «չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել»։