Բաքուն Մակրոնին մեղադրել է խաղաղ գործընթացը խոչընդոտելու փորձի համար

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տեսակետները՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնելու և Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու ևս մեկ վառ օրինակ են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադե

Նշելով, թե պատերազմով Բաքուն վերջ է դրել 30 տարվա օկուպացիային և վերականգնել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանի օրինական ու միջազգային իրավունքի հիման վրա, Հաջիզադեն շեշտել է՝ «Բաքվի ջանքերն, այդ թվում՝ իր ռազմական ներուժի հզորացումը, ուղղված են արդար նպատակների իրականացմանը»։

«Սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որը օկուպացիոն պետություն է», - ասել է Հաջիզադեն՝ Ֆրանսիային մեղադրելով անարդար քաղաքականություն վարելու մեջ։

«Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խոչընդոտում են տարածաշրջանի կայունությանը, որևէ արդյունքի չեն բերելու», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը։

Երեկ Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ վերջին տասնամյակին Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը՝ նկատելով՝ Ադրբեջանն է 2020-ին պատերազմ սկսել:

«Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա», - ասել է Մակրոնը:

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Երևանը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։ Փետրվարի 23-ին Հայաստանը ստացավ պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։

Երևան-Փարիզ այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն երեկ արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը․ Լըկորնյու