Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխաիլ Գրեչիլոն այսօր հրավիրվել է երկրի արտգործնախարարություն։
Նրան բողոքի նոտա է հղվել նախագահ Անջեյ Դուդայի՝ երեկ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Երասխ գյուղ այցելելու և Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդների հետ պարեկություն անելու համար։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Լեհաստանի նախագահն «այցելելով դեռևս հայկական օկուպացիայի տակ գտնվող Քյարքի գյուղին հարակից տարածքներ՝ Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել է հակադրբեջանական քարոզչությանը»։
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչները Լեհաստանի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ «այդ սադրանքը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին և հարկավոր է խուսափել Ադրբեջանի անվտանգային լեգիտիմ շահերին առնչվող նման քայլերից»։
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի հետ սահման հանգեցրել է Բաքվի և Վարշավայի միջև հարաբերությունների սրման։
Բաքուն ափսոսանք էր հայտնել այդ այցի կապակցությամբ, նշելով, որ Լեհաստանը պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկերն» է, սակայն Դուդայի՝ դիտորդների հետ պարեկություն անելու քայլն անվանել է դիվանագիտական «հեռադիտակային շոու»՝ սպառնալով «համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռնակրել»։
2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, Ադրբեջանը պարբերաբար քննադատում է անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարշավան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը․Դուդա