Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել բազմաֆունկցիոնալ JF-17C ինքնաթիռը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում նշված է՝ կործանիչներն արդեն համալրեն են Ադրբեջանի զինանոցը:
Այս թեթև օդանավը նախատեսված է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային գործողությունների համար՝ եղանակային բոլոր պայմաններում։
Բաքվում այս օրերին անցկացվում է ռազմական արդյունաբերության ADEX 2024 հինգերորդ ցուցահանդեսը։ Իր ուղերձում Ալիևն ընդգծել է երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն էլ սեպտեմբերի 25-ին նախարարների կաբինետում՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, հայտարարեց, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին։
Դեռ այս տարվա փետրվարին հաղորդվել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանում արտադրված JF-17C Block III մակնիշի կործանիչներ գնել։
Պակիստանյան մամուլն այն ժամանակ գրեց, թե գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլարի։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Բաքուն այս գործարքով մտադիր է հրաժարվել իր զինանոցում եղած ռուսական արտադրության Միգ-29 օդանավերից՝ դրանք փոխարինելով Պակիստանում արտադրվածներով։
«Թուրանի» պնդմամբ, պակիստանյան կործանիչներն իրենց տեխնիկական բնութագրերով գերազանցում են թե՛ Միգ-29 և թե՛ Սու-25 մակնիշի կործանիչներին, ինչպես նաև արդյունավետ կերպով պաշտպանված են հակաօդային պաշտպանության С-300 համակարգերից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն այցելել է ռազմաարդյունաբերության ցուցահանդես ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին. Ասադով