Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Սյունիքում է։ Արքեպիսկոպոսը կանգ է առել Վայքում, Սուրբ Տրդատ եկեղեցում աղոթել ու իր պայքարի մասին խոսել։
«Սա միայն իշխանափոխության մասին չէ։ Պարզապես մի փոքրիկ բաղադրիչ է, ով չի ընկալում դա կապ չունի շարժման հետ։ Ինչի մեջ որ մենք գտնվում ենք, որպես սրբազան պայքար, մեզ համար արժեքների ու քաղաքակրթական փոփոխությունների մասին է, մեր ակունքին, ինքնությանը վերադառնալու մասին է», - նշեց Բագրատ Գալստանյանը:
Արքեպիսկոպոսին ուղեկցում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որ Սյունիքից է։ Բագրատ սրբազանին, մի խումբ բնակիչներ դիմավորել են Սյունիքի դարպասների մոտ, որտեղից նա ճանապարհը շարունակել է «Զիլ» մակնիշի մեքենայով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն այսօր Մեղրիում էր, նախատեսում է այցելել 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Ներքին Հանդ, Դավիթ Բեկ, Շուռնուխ գյուղեր, Կապանի, Քաջարանի ու Գորիսի բնակիչներին է հանդիպելու։ Բագրատ արքեպիսկոպոսը նորից խոսել է շարժման մարելու պնդումների մասին։ Հորդորել՝ յուրաքանչյուրի անձնականը դառնա, որ իր խոսքով չարիքի դեմ կարողանան պայքարել։
«Մեր բոլորի ցանկությունն է, աղոթքն է, պայքարն է, որ էս դարպասները երբեք թշնամի չտեսնեն», - ընդգծեց նա:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի այցը Սյունիքում խաղաղ է անցել, միջադեպեր չեն եղել։
Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին ոստիկանների ու ցուցարարների բախումներից հետո Բագրատ սրբազանը դադարեցրեց զանգվածային հավաքները, անհնազանդության ակցիաները, վերադարձավ սուրբ Աննայի բակ, պայքարը վերաձևակերպելու ու հետագա քայլերը քննարկելու համար։
Իշխանության ներկայացուցիչները Բագրատ սրբազանի պայքարի սկզբից էին հայտարարում, թե կեղծ օրակարգ է Փաշինյանի հրաժարականի պահանջը և այս պայքարը մարելու է։ Սրբազանը հայտարարել էր, թե չի նահանջում, հունիսի 12-ի ոստիկանության ու ցուցարարների բախումներից հետո գնում է պայքարը վերաձևակերպելու, բայց ուղիղ չի ասել՝ ինչի է պատրաստվում։ Երեկ էլ սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցներին հորդորել է չտրվել կասկածներին։
«Տարաբնույթ խոսակցություններ կան՝ կասկածներ արթնացնելու, կասկածներ ներդնելու, այդ բոլոր շատ լավ են, այսպես կոչված, այս հանդարտության օրերին ամեն ինչ շատ պարզ բացահայտվում է, ամեն ինչ շատ տեսանելի է լինում, մենք մեր ուղին ավելի ենք կարողանում բյուրեղացնել, մեր կենտրոնացումն ավելի ճիշտ պահել, որպեսզի մեր հարվածն էլ, մեր չարիքի հեռացումն էլ ճիշտ ժամանակին ու ճիշտ ճանապարհով տեղի ունենա», - նշել է արքեպիսկոպոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանը Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպում չի ունեցել