Պետությանը վերադարձված ամենանշանավոր շինությունը. ձևակերպումը վարչապետ Փաշինյանինն է՝ ԱՕԿՍ-ի շենքի մասին։ Այս նշանավորն արդեն վարձակալ ունի՝ Պետգույքի կառավարման կոմիտեի հայտարարած մրցույթի արդյունքում:
«Ունեցել ենք ընդամենը մեկ հայտատու, և այդ հայտատուն էլ հենց հաղթող է ճանաչվել: Խոսքը «Կերոն» զարգացման հիմնադրամի մասին է, «Զեթ ընդ Էյ» և «Մեզոն Մառոմ» ՍՊԸ-ների, որոնց համատեղ նախագիծը մրցութային օրը ներկայացրել է «Զեթ ընդ Էյ» ընկերությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը:
Միակ հայտատու և հաղթող խումբն ամեն ամիս հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող ու Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար կվճարի 16 միլիոն 200 հազար դրամ՝ մոտ 40 հազար 500 դոլար։ Կոմիտեի հանրային կապերի պատասխանատուն շեշտում է՝ մրցութային հանձնաժողովը, մեղմ ասած, մեծ ընտրություն չի ունեցել, բայց առաջարկվող ներդրումների ծավալն էլ բավարար էր. - «Երկու տարվա ընթացքում 1 միլիարդ 170 միլիոն դրամի ներդրումային պարտավորություն են ընկերությունները ստանձնել: Ամենախոշոր ներդրումը կատարելու է «Զեթ ընդ Էյ» ընկերությունը»:
«Զեթ ընդ Էյ» ընկերությունը Հայկ և Ղուկաս Խաչատրյաններինն է, որ բրենդային հագուստի ներկրմամբ ու վաճառքով են զբաղվում։ «Ազատության» տեղեկությամբ՝ նրանք «Իդեալ համակարգ» խանութների ցանցի հիմնադրի Նորայր Խաչատրյանի որդիներն են. - «Համաշխարհային բրենդների ներկայացուցիչն է հանդիսանում՝ Armani, Zeina, մի շարք բրենդներ համաշխարհային: «Կերոն» զարգացման հիմնադրամը մշակութային գործունեություն է ծավալում, իսկ «Մեզոն Մարոմ»-ը հիմնականում զբաղվում է երիտասարդ դիզայներների առաջխաղացմամբ», - ասաց Արաքս Առաքելյանը:
Ի՞նչ է մտադիր անել հուշարձան շենքում առաջին վարձակալը: Խումբը առաջին հայտարարությունն արդեն տարածել է.
«Նախատեսվում է ունենալ սրահներ, որտեղ կներկայացվեն ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական արվեստի լավագույն նմուշներ, լյուքս դասի հագուստի բրենդեր, կգործի արվեստանոց և սրճարան։ Նախագիծը նպատակ ունի միավորել բարձր արվեստն ու նորաձևությունը՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային և կոմերցիոն համալիր»։
Ինչպես է նորաձևությունն արվեստի հետ քայլելու այստեղ՝ այս պահին այլ մանրամասներ չկան։ Թե ինչ կաներ վարձակալը հուշարձան շենքի տարածքում, Կառավարությունը որևէ սահմանափակում չուներ ի սկզբանե, միայն մի բան՝ կառույցի պատմական տեսքը չպիտի աղավաղվի։ Պոտենցիալ ներդրողին չսահմանափակելու կոչը վարչապետինն էր. - «Եթե որևէ մեկը ուզենա էդտեղ բացի, ունենա, ենթադրենք, օծանելիքի խանութ, հագուստի խանութ, սննդի կետ, սրճարան, ռեստորան, մենք որևէ սահմանափակում, հույս ունեմ, չենք դրել», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանրապես, ըստ Փաշինյանի, կոթողացման տրամաբանությունից պետք է դուրս գալ, որ պետությանը վերադարձված շենքերը բյուջեում հետաքրքիր եկամտային տող դառնան. - «Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրա երեխայի հետ գնա մտնի ԱՕԿՍ-ի շենք, նախաճաշի, դուրս գա, դա սրբապղծություն ա՞: Բա էդ մարդանց համար չի՞ էդ»:
ԱՕԿՍ-ի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի շենքը մինչև 1944 թվականը հիվանդանոց է եղել։ Երևանում կանգուն մնացած հազվագյուտ արժեքավոր շենքերից է, որ շուրջ երկու տարի դատական քաշքշուկի մեջ էր։ Գլխավոր դատախազությունն էր շենքը պետությանը վերադարձնելու հայց ներկայացրել Վարչական դատարան։ Ըստ իրավապահների՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի օժանդակությամբ, պատմամշակութային շենքը դարձրել էր նախ ՀԿ-ի սեփականություն, ապա ձևական գործարքով վաճառել օֆշորում գրանցված ընկերությանը, որը Պողոսյանի հարսինն էր։ Դատական այս վեճը հանգուցալուծվեց հաշտությամբ, ու ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվեց պետությանը։ Շենքի պետականացումից հետո հանրային հարթակներում տարբեր քննարկումներ էին ծավալվում՝ գուցե բժշկական թանգարան բացվի, գորգերի թանգարան:
«Նախկինում երբ մենք առաջարկում էինք, որ շենք տրամադրեն, Կառավարությունը, պետությունը ասում էր՝ «ես տարածք չունեմ», և քանի որ այդ շենքը վերադարձվել էր պետությանը, կարող էին այդ տարածքը տրամադրել և դարձնել թանգարան քաղաքի կենտրոնում, որպեսզի նաև զբոսաշրջիկներին ներկայացնեին հայկական գործերը, և ոչ թե Բաքվի կենտրոնում ադրբեջանցիները հայկական գորգերը ներկայացնեին զբոսաշրջիկներին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:
Սամսոնյանը բաց նամակով Կառավարությանն էր դիմել՝ ԱՕԿՍ-ի շենքը գորգերի թանգարան դարձնելու առաջարկով, այստեղ, ասում է, կցուցադրվեին նաև Շուշիի գորգերը, որ այժմ հասցեից հասցե են թափառում տանիք չունենալու պատճառով։ Կարծում է՝ պետությունը կարող էր ներդրողների այս խմբի հետ պայմանավորվել ու այդ հսկա շենքում մի անկյուն էլ գորգերին տրամադրել
«Այսպիսի շենքերը պետք է օգտագործել Հայաստանի այցեքարտ դարձնելու համար, իսկ այցեքարտ, չես կարող լյուքս բուտիկներիվ դարձնել այցեքարտ», - ընդգծեց նախկին պատգամավորը: