ԱԺ շենքի մոտ բախումներից երեք ամիս անց էլ գործում մեղադրյալ ոստիկան չկա

Հունիսի !2-ի բախումները Ազգային ժողովի շենքի մոտ

Մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմադիրների հավաքը հատուկ միջոցներով ու ուժով ցրելուց երեք ամիս անց էլ քրեական գործում մեղադրյալ ոստիկան չկա։

«Այստեղ, իհարկե, մենք կարող ենք տեսնել նաև քաղաքական ենթատեքստ, որովհետև բոլոր դեպքերում հատուկ միջոցների կիրառման թույլատրելիությունը եղել է նաև հովանավորչություն քաղաքական բարձրագույն պաշտոնյաների կողմից», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո

Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների ուղղությամբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էր նետել, 57 քաղաքացի բեկորային վնասվածք էր ստացել, ընդ որում՝ նրանցից Եսայի Քարամյանը կորցրել էր երեք մատները։ Շուրջ հինգ տասնյակ քաղաքացի էլ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանական մահակների ու բռունցքների պատճառած վնասվածքների հետևանքով։

Երկու օր անց Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ փորձելով պարզել՝ արդյոք ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ ընդդիմությունը մտադիր է հունիսի 12-ի ոստիկանների գործողությունները քննող հանձնաժողով ստեղծել14 ցուցարար՝ մեղադրյալ, սակայն ոչ մի մեղադրյալ ոստիկան. ՔԿ-ն մեկ ամսում ավարտեց ցուցարարների գործի քննությունը 

Ինչո՞ւ են իրավապահները հապաղում. Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է նույն օրը վարչապետի՝ ոստիկանությանն արդարացնող հայտարարությունը. - «Տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ»:

«Ընդհանրապես ցանկացած նմանատիպ պարագայում քաղաքական բարձրագույն պաշտոնյաների հայտարարությունները ազդեցություն են ունենում քննչական մարմինների վրա, և դա արդեն իսկ պրակտիկա է, որը մենք տեսել ենք մեր կյանքի ընթացքում, և այդ արատավոր պրակտիկաները ցավալիորեն դեռևս շարունակվում են», - նշեց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանները պնդել էին, որ ոստիկանությունը ցույցը ցրելիս այն ժամանակ դեռ արգելված «Զարյա 3» նռնակներ էր կիրառել։ Այս իրադարձություններից երկու շաբաթ անց արդեն Առողջապահության նախարարությունը շտապել էր փոխել 2012-ից գործող հրամանը և մինչև այդ արգելված «Զարյա 3»-ը դարձրել թույլատրելի։ Իրավապաշտպանների կարծիքով՝ սա արվել է հենց հունիսի 12-ին «Զարյա 3»-ի կիրառությունն արդարացնելու համար։ Առողջապահության նախարարն, իր հերթին, հերքել էր մեղադրանքները։

«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին և երբ են արվում փոփոխությունները: Ասեցի՝ օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ, չգիտեմ ինչ չկա», - հայտարարել էր Անահիտ Ավանեսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն էՆԳՆ-ը այսուհետ գաղտնի է համարում հատուկ միջոցների մասին տեղեկատվությունըՓոխնախարարը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, որ հունիսի 12-ին «Զարյա 3» է կիրառվելՆոր հրաման նախկինում արգելված «Զարյա-3»-ի մասով. Փորձագետը չի բացառում՝ հունիսի 12-ի դեպքերի սրբագրման համար է

Իրավապաշտպան Հովհաննիսյանը հակադարձում է. - «Որևէ մեկը չի կարող հրաման փոխելով մեղմել այն խնդիրը, որ այդ ժամանակահատվածում մենք ունեցել ենք խնդիր արգելված միջոցի օգտագործման, և ոչ թե միայն այդ միջոցը կիրառողների խնդիրն է, այլ հրաման հնչեցնողների խնդիրն է և այդ միջոցները այդ տարածք բերողների խնդիրն է»:

Մինչև հիմա էլ ոչ հատուկ միջոցները կիրառած Ներքին գործերի նախարարությունը, ոչ էլ գործը քննող Քննչականը չեն տվել այս հարցի պատասխանը. ի վերջո՝ արգելվա՞ծ, թե՞ թույլատրելի հատուկ միջոցով են ցրել ընդդիմադիրների հավաքը՝ մարդկանց պատճառելով ընդհուպ ծանր վնասվածքներ։

«Հիմա դուրս է գալիս աշխատանքի, կամաց-կամաց փորձում է հարմարվել այն նոր կարգավիճակին և վիճակին առողջական, որը որ ինքը ունի: Ընդհանուր տրամադրվածությունը իր բավականին դրական է, ցանկանում է, որպեսզի այս գործը վերջապես հանգուցալուծում ստանա, բայց դեռ սպասում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց հունիսի 12-ին ամենածանր վնասվածքը ստացած Եսայի Քարամյանի փաստաբան Մանուշ Եսայանը:

Փաստաբանն այսօր էր տեղեկացել, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է, բայց փաստաթղթին դեռ ծանոթ չէր։ Քարամյանը հանրահավաքի օրը փորձել էր հետ նետել լուսաձայնային նռնակը, ինչի հետևանքով էլ կորցրեց երեք մատները։ Մանուշ Եսայանի խոսքով՝ նա ընդամենը հարցաքննվել է ու վերջ, տեղեկացել են, որ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

«Պարզ է, որ իրավապահ մարմինները տեղյակ են՝ և՛ ով է հրաման տվողը եղել, և՛ ինչ թույլատրելի միջոցներ են սահմանել, պարզ է, որ վարույթ իրականացնող մարմինը կարող էր և ուներ բոլոր լծակները և միջոցները՝ հայտնաբերել հնարավոր մեղավորներին, բայց թե ինչու չի հայտնաբերվել առայսօր տվյալ անձանց խումբը կամ անձը, կարծում եմ բոլորիս պարզ է, քաղաքական երանգներ չտալու համար չեմ ցանկանում այդ թեմայով ավելի լայն մեկնաբանություն տալ», - նշեց Եսայանը:

«Քաղաքական կամքի առկայության դեպքում, երեք ամիս է անցել, երեք ժամն էլ բավարար էր: Քաղաքական կամքը բացակայում է, որովհետև ոստիկանությունը չի դիտարկվում որպես իրավապահ մարմին, այլ առաջին հերթին դիտարկվում է, դա նրա գլխավոր գործառույթը չէ՝ էն ինչ որ նշված է Սահմանադրությամբ և օրենքներով, այլ նրա առաջին գործառույթը քաղաքական իշխանության պաշտպանությունն իրականացնելն է», - իր հերթին, պնդեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Տուժողները չեն ցանկանում խոսել լրագրողների հետ։ Նրանցից երկուսի փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, կա արգելք՝ իրավապահները թույլ չեն տալիս անգամ բարձրաձայնել հարցաքննության փաստի մասին՝ հղում անելով գաղտնիությանը։ Քննչականից հաստատում են՝ գաղտնիության նպատակը նախաքննությանը չխոչընդոտելն է։

«Որպեսզի մարդիկ չխոսեն, մարդիկ չբողոքեն, այս վարույթը չհանդիսանա հանրային հնչեղություն ունեցող երևույթ: Այդ նախազգուշացումը առոչինչ է», - ասաց Մելիքյանը:

Արդյո՞ք երեք ամիսը բավարար չէր, որ ուրվագծվեր ենթադրյալ մեղավորների շրջանակը։ Սա այն դեպքում, երբ նույն այս օրվան առնչվող մեկ այլ քրեական գործ օգոստոսից դատարանում է՝ 8 ցուցարար ամբաստանյալի աթոռին են զանգվածային անկարգությունների ու խուլիգանության համար, ևս 7-ի գործը դեռ նախաքննության փուլում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հունիսի 12 -ի բախումների գործով 4 մեղադրյալ ազատ արձակվեցՄեկնարկեց հունիսի 12-ի գործով դատավարությունը