Ազատի զորամասի վարորդը հարցաքննվեց. փաստաբան Նորիկյանը ցուցմունքում հակասություններ նկատեց

Ազատի զինվարական կացարանը հրդեհից հետո, հունվարի 19, 2023թ.

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատարանում հարցաքննվում են վկաները։ Այսօր նրանցից Արսեն Սողոմոնյանը, որ զորամասի վարորդն էր, պատմեց, թե 1.5 տարի առաջ 15 զինվորականի կյանք խլած հրդեհից առաջ ինքը գնացել է ջուր բերելու է, պայթյուն ու գոռոցներ է լսել, վերադարձել ու տեսել զինծառայողներից մեկին։

Նրա խոսքով՝ ինքը փորձել է փրկել կացարանում մնացած զինծառայակիցներին, սակայն չի կարողացել ներս մտնել ուժեղ բոցի պատճառով։

Վկան ասաց՝ ինքը մարմնական վնասվածքներ, այրվածքներ չի ստացել հրդեհից։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը դատարան էր բերել վկայի բջջային հեռախոսը, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հեռախոսը խոշոր հրդեհից հետո անվնաս մնացել, կամ եթե կացարանում է եղել, ապա հրդեհից հետո ինչպես և ով է դրանով զանգահարել։ Վկան հերքեց, թե ինքը որևէ մեկին այդ հեռախոսով զանգել է հրդեհից հետո։

«Քո հորեղբորը գիշերը ժամը 4։30-ին էս հեռախոսից ո՞վ կարար զանգեր», - հարցրեց Նորիկյանը։

«Իմ հեռախոսը մնացել է կացարանում, ես այդ ժամանակ երևի ռազմական ոստիկանություն եմ եղել, հեռախոսն ինձ մոտ չի եղել», - պատասխանեց վկան։

Տուժող կողմի փաստաբան Նորիկյանը վկայի ցուցմունքում հակասություններ նկատեց, հայտարարեց, թե դրանք անարժանահավատ են՝ վկան նախաքննության ընթացքում մի բան է ասել, դատարանում՝ այլ բան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ո՞ւմ են հիմարի տեղ դրել». Ազատի զորամասի զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից

Փաստաբանը կասկածներ ունի՝ խնդիր է դրվել գործը տապալելու: Համոզված է՝ հրդեհի տարածքը միտումնավոր խախտվել է՝ ակնարկելով, որ վկայի հեռախոսը կացարանի տարածքում հրդեհից հետո է հայտնվել, որ գործի հանգամանքները փոխվեն:

Կացարանի հրեհից մեկուկես տարի անց ծնողները ևս շարունակում են պնդել՝ դատարանը, դատախազությունը չեն ցանականում բացահայտել ողբերգական միջադեպի իրական պատասխանատուներին: Վստահ են՝ նախաքննությունն էլ է թերի ընթացել, որ պատասխանատուները չկանգնեն դատարանի առջև: Նրանց էլ պարբերաբար վրովվեցնում էին վկայի ցուցմունքները: Կասկած չունեն՝ Սողոմոնյանը միտումնավոր թաքցնում է դեպքի հանգամանքները:

Ի դեպ, վկան մեկ այլ՝ զորամասում թմրանյութեր օգտագործելու քրեական գործով մեղադրյալ է: Այս գործով հինգ մեղադրյալ կա, առանցքայինը կապիտան Եղիշե Հակոբյանն է: Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց: