Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական նիստը դարձյալ բավական լարված ընթացավ: Զոհված զինվորների ծնողներին զայրացրել էր տուժող Գարուշ Սարգսյանի բացակայությունը: Ծնողների ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանը պնդեց՝ տուժողին պետք է հարկադրաբար դատարան բերել:
Դատարանը ընդունեց՝ տուժողն անհարգելի պատճառով ներկա չէ նիստին, որոշեց նրան ծանուցել պարտադիր դատարան ներկայանալու մասին:
Որդեկորույս ծնողները շարունակում են պնդել՝ ողբերգական հրդեհի իրական մեղավորներն ազատության մեջ են, ու որ գործն ի սկզբանե՝ նախաքննության փուլից սկսած, թերի է ընթացել:
Դատարանն այսօր քննեց միայն մեղադրյալների խափանման միջոցները: Առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով: Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց:
Դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց նաև մեղադրյալներից մայոր Մառլեն Սարգսյանի կալանքի ժամկետը: Մինչ այդ, սակայն, Սարգսյանին հեռացրին դահլիճից, պատճառը նրա հայտարարություններն էին ու դատավորին չենթարկվելը:
Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը, զբաղեցնելով զորամասի հակահրդեհային ծառայության պետի պաշտոնը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, ինչի հետևանքով չի հաջողվել մարել կրակը, զինվորական կացարանում պահեստային ելք չի եղել։ Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը պնդում է՝ պատասխանատու է եղել կոմունալ ծառայության համար և չգործած մեղադրանքի համար մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է։ Նա ազատություն պահանջեց ու հայտարարեց, թե անժամկետ հացադուլ է սկսելու:
Այս ամենից հետո դատավորը պահանջեց Սարգսյանին հեռացնել դահլիճից: Ընդմիջում հայտարարեց, որից հետո նիստն ավարտվեց, հաջորդը մարտի 22-ին է։