14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո այսօր «Ոսկե ծիրան»-ի շրջանակում Երևան ժամանած աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին ուշ երեկոյան Կինոյի տանը մասնակցեց իր ֆիլմի՝ «Օֆսայդ»-ի ցուցադրությանը, որը 2006 թվականի Բեռլինի փառատոնին արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին։
21-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին, այսօր Կինոյի տան բեմից հայտարարեց՝ գրեթե 20 տարի առաջ նկարահած իր ֆիլմը դեռ արգելանքի տակ է Իրանում։ Չնայած գիշերվա ուշ ժամին՝ լեփ-լեցուն դահլիճում հավաքված կինոսերներին Փանահին ասաց՝ այս դիտումը նվիրում է ազատության համար պայքարողներին:
«Արվեստագետի համար կարևոր չէ, որ իշխանավորները 20 տարի իրենից հետ են։ Ես հասարակական ֆիլմեր եմ նկարում։ Եվ այն, ինչ հասարակությունում, որտեղ ես ապրում եմ, կատարվում է, ես իմ կինոյի լեզվով արտահայտում եմ։ Դուք էլ ունեք այդ փորձառությունը պատմական, տեսել եք՝ իդեոլոգիական իշխանություններն ինչ են անում։ Հուսով եմ՝ ֆիլմը ձեզ դուր կգա», - նշեց իրանցի ռեժիսորը:
«Այսօրվա դիտումը նվիրում եմ ազատության համար պայքարողներին և բոլոր նրանց, որ երբ ես բանտում էի, շարունակում էին պայքարել կանանց իրավունքների, կյանքի և ազատության համար։ Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին։ Ես այս վերջին տարիներին շատ հայտնի փառատոններից՝ Կաննից, Բեռլինից հրավերներ եմ ստացել, բայց բոլորը մերժել եմ։ Եվ ասել էի, որ մինչև նոր ֆիլմ չնկարեմ, չեմ մասնակցի, չեմ ընդունի հրավեր։ Ուրեմն, հաստատ, նոր ֆիլմ եմ նկարել, որ այստեղ եմ», - Երևանում հայտարարեց աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։
Վաղը սպասվում է Փանահիի հանդիպումն իր երկրպագուների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր