«Ներեցեք, բայց ես նվերներ եմ վերցնում, սա առաջնահերթություն է։ Մի րոպե, չե՞ք տեսնում՝ էն մարդը խոսում է». - նվերներ ու սիրո խոստովանություններ ստանալով, կատակելով... այսպիսի թեթև մթնոլորտում անցավ կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսիի հանդիպումն իր երկրպագուների հետ Կինոյի տան դահլիճում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր և «Փարաջանովյան թալերի» արժանացած Սփեյսին խոսքը սկսեց շնորհակալությունով, ասաց, որ իրապես զգացված է այսպիսի հանդիսատես տեսնելով, ընդգծեց՝ նման դեպքերում առավելապես հասկանում է, որ երջանիկ մարդ է։
«Ինձ համար շատ կարևոր է, որ դուք բոլորդ եկել եք։ Եվ ես կարող եմ ասել՝ երջանիկ մարդ եմ, որ կարողացել եմ իմ հերոսների մասին ձեզ այնպես պատմել, որ կյանքի կոչվեն», - ասաց աշխարհահռչակ կինոաստղը:
«Դեյվիդ Գեյլի կյանքը», «Ամերիկյան գեղեցկություն», «Յոթ» և այլ հայտնի ֆիլմերի հերոսներին մարմնավորող Սփեյսին ավելի քան մեկ ժամ այսօր խոսեց իր ֆիլմերից, անցյալից պատմություններ հիշեց։ Դահլիճից հնչող հարցերն էլ հիմնականում կինոյի ու թատրոնի աշխարհից էին։ «Երբ կտեսնե՞ք Ձեզ նորից էկրանին», - բազմանշանակ հարցին պատասխանելիս Սփեյսին հեռվից եկավ ու շատ հեռու չգնաց։
«Ես այնքան հաջողակ եմ այս վերջին 4-5 տարիների ընթացքում, քանի որ եղան ռեժիսորներ, որ վեր կացան ու ասացին՝ տալիս ենք քեզ այդ հնարավորությունը՝ արի աշխատիր։ Դա մեծ պատիվ էր ինձ համար, ես այնքան ոգևորված, հուզված եմ այս ամենից։ Նախագծերը, որ առաջիկայում կիրականանան, ինձ ահռելի դրական լիցքեր են տալիս, հպարտ եմ ես այդ ամենով և շատ ոգևորված այդ աշխատանքով», - ասաց դերասանը:
Իսկ հարցը պատահական չէր, որովհետև տևական ժամանակ է Քևին Սփեյսին էկրանին չէ, նրան հեռացրել էին անգամ ամերիկյան քաղաքական կյանքի մասին պատմող հայտնի սերիալից՝ House of Cards-ից։ Աստղի շուրջ աղմուկը բարձրացավ 2017 թվականին Me too շարժման շրջանակում։ Հենց այդ ժամանակ մի շարք աստղեր, հայտնի մարդիկ մեղադրվեցին սեռական բռնությունների և ոտնձգությունների համար։ Հնարավոր բռնարարների շարքում նաև Սփեյսիի անունը հնչեց։ Դերասանն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ մի քանի դատարանները նրան արդարացրել են։
Երևան այցի ընթացքում Սփեյսին հրաժարվում է խոսել իր համար անհարմար այս թեմայից։ Այսօր էլ բաց քննարկման ժամանակ ընդամենը մեկ հարց հնչեց՝ հանդիսատեսի դժգոհ արձագանքների ներքո։ Երիտասարդ կինը պարզապես տեղեկացրեց՝ «Ամերիկյան համալսարանը չեղարկել է Ձեզ հետ հանդիպումն իր տարածքում»։ Տարիներ շարունակ սկանդալի կիզակետում եղած Սփեյսին նախ հանգստացրեց դժգոհ հանդիսատեսին, ապա կարճ արձագանքեց. - «Նորմալ է, նորմալ է։ Ես հրավիրված եմ մասնակցելու կինոփառատոնին։ Ինձ համար պատիվ է լինել այստեղ։ Ես ոչ մի վեճի մեջ ներգրավված չեմ։ Ես եկել եմ անելու այն, ինչ համար եկել եմ»։
Այդուհանդերձ, Երևանում բոլորը չէին սպասում օսկարակիր աստղին։ Մինչ լեփ-լեցուն դահլիճում մեղմ հարցեր էին շոշափվում, հենց Կինոյի տան դիմաց մի խումբ ակտիվիստներ պաստառներով կոշտ քննադատության էին ենթարկում նրան։
Կինոյի տան ներսում այս ամբողջ ընթացքում շարունակեցին մեծարել ամերիկացի աստղին, ֆիլմերից պատառիկներն էլ ուղեկցվում էին չընդհատվող ծափահարություններով։