Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո այսօր տեղի ունեցավ սիրիացիների առաջին համատեղ ուրբաթ օրվա աղոթքը Դամասկոսի խորհրդանիշ Օմայանների մզկիթում։
Լրատվամիջոցները գրում են՝ վաղ առավոտից ոչ միայն Դամասկոսից, այլև Սիրիայի տարբեր հատվածներից եկած մարդիկ, այդ թվում՝ ապստամբ զինյալները հավաքվել են մզկիթի առջև։
Ապստամբ խմբավորումներն առաջնորդող և այժմ փաստացի երկրում իշխանությունը ստանձնած Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահիր ալ-Շամ» կազմակերպության առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հորդորել է մասնակցել աղոթքին և դրան հաջորդող տոնախմբությանը առանց օդ կրակելու և մարդկանց վախեցնելու։
«Շնորհավորում եմ Սիրայի ժողովրդին հաղթանակի առթիվ, և հրավիրում են նրանց հրապարակներ իրենց ուրախությունը ցույց տալու։ Հետո մենք կաշխատենք այս երկիրը կառուցելու համար», - նշել է նա:
Շարունակվում են իսրայելական օդային հարվածները Սիրայի ուղղությամբ
Այս տոնախմբություններին զուգահեռ շարունակվում են իսրայելական օդային հարվածները Սիրայի ուղղությամբ, Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո Թել Ավիվն այս գործողությունը սկսեց՝ հայտարարելով, թե թիրախավորում են այն ենթակառուցվածքները, որտեղ ռազմավարական զենքերն են, որպեսզի դրանք զինյալների ձեռքում չհայտնվեն։
Իսրայելական ուժերը մտան նաև երկու երկրների միջև բուֆերային գոտի և հայտարարում են, որ պատրաստվում են ձմեռն այնտեղ մնալ։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է ձմեռը Հերմոն լեռան վրա՝ բուֆերային գոտում անցկացնել։
«Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Սիրիայում, Հերմոնի գագաթին մեր հսկողությունը պաշտպանական տեսանկյունից մեծ նշանակություն ունի», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Այսօր էլ մի տեսանյութ է տարածվում, ըստ որի բուֆերային գոտու սիրիական հատվածում գտնվող Հադեր գյուղում Իսրայելին միանալու կոչեր են հնչում՝ իսլամիստ զինյալներից վախենալու պատճառով։ Այս գյուղում դրուզներ են ապրում, Սիրիայի էթնոկրոնական փոքրամասնություններից մեկը:
Այսօր Անկարայում ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայում ստեղծված իրավիճակը Թուրքիայի արտգործնախարարի հետ է քննարկել, համատեղ ասուլիսին Էնթոնի Բլինքենը հայտարարեց՝ լայն համաձայնություն կա, թե յուրաքանչյուրը ինչ կցանկանա տեսնել հետագայում՝ սկսած Սիրայի ժամանակավոր կառավարությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը ժամանել է Թուրքիա, հանդիպել նախագահ Էրդողանի հետ