«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ երկամսյա տնային կալանք է կիրառվել, «Ազատության»-ը փոխանցեց Սուքոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն այսօր է բավարարել պաշտպանական կողմի բողոքը։
Սուքոյանը մեղադրվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։
Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը:
Իր անձնական յութուբյան էջում հրապարակած մոտ 9 րոպեանոց տեսանյութում լրագրողը վիրավորանքներ է հնչեցնում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան մեղադրում Կրեմլից ստացած միլիոնավոր դոլարներով Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ:
Միջադեպից մոտ մեկ ամիս անց Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ում Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին տվյալներ չեն հայտնաբերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է. ՔԿ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ի կայքի թղթակցի դեպքից հետո իրավապաշտպանները կոչ են անում մյուս լրագրողներին առնչվող միջադեպերին ևս ընթացք տալ