Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի հայտարարությունից ժամեր անց նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց Սարգսյանին նախարար նշանակելու հրամանագիրը։
30-ամյա Սարգսյանը ներքին գործերի փոխնախարարն էր 2023-ի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
Վահե Ղազարյանը ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրեց նոյեմբերի 18-ին։ Դրանից երկու օր առաջ կառավարության նիստին Փաշինյանը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են հրաժարական ներկայացրած պաշտոնյաները և ինչ ճանապարհ անցան Փաշինյանի օրոք