Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025-ին էլ չի լինի

Արխիվային լուսանկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր փաստացի հերքեց առողջապահության նախարարի՝ այս տարվա հունվարին տված խոստումը։

«Առողջապահության ապահովագրության հետ կապված ծախսերը ներգրավված չեն 25 թվականի բյուջեում», - լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը, հարցին՝ «այսինքն, 25-ի՞ն էլ ուժի մեջ չի մտնում», արձագանքելով. - «Միջոցներ պլանավորված չեն»:

Մինչդեռ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տարեսկզբին հայտարարել էր. - «2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են»:

Ավանեսյանի նշած այս ժամկետից չորս ամիս է անցել, բայց համակարգը ներդրված չէ։ Ըստ ծրագրի՝ նախարարի նշած այս փուլից հետո 2025-ին համակարգին պետք է միանային պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածը, իսկ արդեն 2027-ին՝ բնակչության 95 տոկոսը։ Պետությունը պետք է սուբսիդավորեր տարեկան 300 հազար դրամից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը, իսկ աշխատող քաղաքացիներն ամսական 13 հազար 700 դրամ վճարեին, տարեկան՝ 164 հազար դրամ:

«Սա լայնածավալ ռեֆորմ է ու մեծ ծախս բյուջեի համար», - տարեսկզբի հայտարարությունից ամիսներ անց խոստովանել էր առողջապահության նախարարն ու վստահեցրել՝ նախապատրաստական աշխատանքները, որոնք ուղիղ կապ չունեն օրենքի ընդունման հետ, արդեն սկսված են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած խոստումներին՝ առողջապահական համակարգն այս տարի չի ներդրվիԱռողջության ապահովագրության ներդրումը բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

Առողջապահության ու Ֆինանսների նախարարությունների միջև այս համակարգի ներդրման շուրջ հակասության մասին վկայում են կառույցների ղեկավարների հայտարարությունները։ Օրինակ՝ ֆինանսների նախարարն այսօր առաջին անգամ փակագծեր բացեց. - «Նախապատրաստական որոշակի աշխատանքներ ենք գտել, որ պետք է արվի էդ համակարգը սահուն, առանց որևիցե ռիսկերի ներդնելու համար՝ ոլորտի բարեփոխումների, թվային համակարգերի, ռիսկերի կառավարման, հիվանդանոցային կարողությունների»:

Առողջապահության նախարարությունից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ Կառավարությունը նախնական համաձայնություն էր տվել 2025-ին համակարգի ներդրման համար 218 մլրդ դրամ հատկացնել, բայց հետո միջնաժամկետ ծախսերով հաստատված այս գումարը գրեթե 60 մլրդ-ով կրճատել է: Մինչդեռ ֆինանսների նախարարն ասաց՝ 2025-ի բյուջեում առհասարակ գումար նախատեսված չէ այդ նպատակի համար։

«Իհարկե, դա նաև համադրվում է մեր ֆիսկալ կարողությունների հետ, այսինքն՝ այս ամեն ինչը համադրվում է իրար հետ, թե ինչքան են մեր կարողությունները, արդեն խոսեցինք նրա մասին, որ դեֆիցիտն է ավելանում, այսինքն՝ եթե դա պլանավորեինք, էդ դեֆիցիտը է՛լ ավելի մեծ պետք է լիներ», - ասաց ֆինանսների նախարարը:

Երեկ Հանրայինի եթերում առողջապահության նախարարն, ի դեպ, ասել էր՝ չի հավատում, թե բյուջեում փող չկա մեծածավալ այդ բարեփոխման համար։

«Մեր խնդիրն է, որ 2025 թվականի մեր բյուջետային հնարավորությունների մեջ կկարողանանք մեկնարկե՞լ, թե՞ 26-ից կմեկնարկենք, հիմա սա ենք քննարկում նաև մեր Ֆինանսների նախարարության գործընկերների հետ», - նշել էր Ավանեսյանը՝ դիտարկմանը, որ «Ֆինանսների նախարարությունը միշտ ունի պատասխան՝ փող չկա», արձագանքելով. - «Այո, մենք էլ դրան չենք հավատում և աշխատում ենք, որ ոչ միայն փող լինի, այլ լինի առողջապահության համար»:

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը Կառավարությունը դեռ 2023-ին էր հաստատել: Գործադիրի խոստումներից մոտ մեկ տարի անց ֆինանսների նախարարն ասում է՝ դեռ նախապատրաստական որոշ աշխատանքներ պետք է արվեն։

Ի դեպ, առողջապահական համընդհանուր ապահովագրությունը նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումներից է։ Ընդ որում՝ արտաքին գերատեսչությունից ավելի վաղ հույս էին հայտնել, թե ազատականացման գործընթացն ավարտին կհասցնեն 2-ից 3 տարում: «Ազատություն»-ը ֆինանսների նախարարին սա հիշեցնելով հետաքրքրվեց՝ կարևոր այս ծրագիրը մյուս տարի էլ չիրագործելով արդյոք չի՞ ձգձգվում նաև վիզաների ազատականացման հարցը, սա ձախողում չէ՞:

«Ես վիզաների ազատականացման նախապայմաններից տեղյակ չեմ: Ես չգիտեմ՝ արդյո՞ք դա նախապայման է, թե՞ ոչ», - հայտարարեց Հովհաննիսյանը: «Ազատության» դիտարկմանը՝ «նախապայման չէ, բաղկացուցիչ մաս է, որ պետք է քաղաքացիները ունենան առողջապահական ապահովագրություն», նախարարը պատասխանեց. - «Մենք ասում ենք, որ կունենանք, բայց 25 թվականին դեռևս... Չեմ կարող ասել: Կարաք ասեք, օրինակ՝ «իսկ ձեզ պարգևավճար տալու համար փող կա, իսկ բանի համար փող չկա», կամ՝ «ձեր մեքենայի մեջ բենզին լցնելու փող կա, բայց»... Բայց դուք էլ եք ծայրահեղացնում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության սկսելու մասին որոշումը կկայացվի հուլիսի 22-ին. Եղոյան Արսեն Թորոսյանն իրատեսական չի համարում, որ հուլիսից կսկսի գործել պարտադիր ապահովագրության առաջին փուլը

Վերջին 30 տարում առողջապահության գրեթե բոլոր նախարարներն են խոստացել համընդհանուր ապահովագրություն, որոշ քայլեր 18 թվականից հետո են ձեռնարկվել, բայց բուն գործընթացն անգամ մեկնարկային փուլ չի մտել։ Այս համակարգը ներդնելու համար Կառավարությունը 25 տարի մարման ժամկետով 102 միլիոն եվրոյի նոր վարկ կվերցնի, որոշումը դեռ ամռանն էին հաստատել։ Առայժմ մեկ բան է հստակ՝ չնայած պաշտոնյաների խոստումներին՝ առողջության համապարփակ ապահովագրությունը եկող տարի էլ չի լինի: