Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման, Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն բնակչության առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլ նաև նոր ազդակ կհաղորդի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը:
«Իմ կարծիքով` այս բարեփոխումն անխուսափելիորեն բերելու է մեր առողջապահական համակարգի զարգացմանը և մրցունակության մեծացմանը, և առողջապահական տուրիզմի ներհոսքի այն միտումները, որոնք նկատվում են, կշարունակվեն: Պետք է լրացուցիչ խթանենք առողջապահական տուրիզմը, որովհետև իմ կարծիքով, սա կարող է օգուտներ բերել առնվազն ֆիսկալ հատվածով, այդտեղ կարող ենք ունենալ բյուջեի լրացուցիչ եկամուտներ»,- նշել է վարչապետը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, որ նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում է աստիճանական անցում առողջապահության ֆինանսավորման նոր և առաջադեմ մոդելի, որը կհավասարակշռի պետական բյուջեի և ապահովագրավճար վճարողների ֆինանսական հնարավորությունները բնակչության կողմից իրականացվող առողջապահական ծախսերի հետ։ Ակնկալվում է, որ ապահովագրության ներդրմամբ կլուծվի նաև բժշկական ծառայությունների իրական ծախսերի վրա հիմնված հատուցումներ ապահովելու, քրոնիկ հիվանդների դեղորայքի ապահովման, բժշկական ծառայությունների որակի ստանդարտների ապահովման հարցերը։
Ըստ ծրագրի՝ այս տարվանից ապահովագրական համակարգին կմիանան սոցիալական հատուկ խմբերը, 2025-ին՝ պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածի բոլոր աշխատողները, իսկ արդեն 2027-ին ապահովագրության փաթեթ պետք է ունենա բնակչության 95 տոկոսը։ Բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը կմեկնարկի այս հուլիսից: