«Կարելի է բավականին խոշոր գումար ներգրավել». - Արցախի նախկին պետնախարարը Հայաստանի կառավարությանն առաջարկում է տեղահանվածների բնակարանային ծրագրի համար միջազգային ֆինանսավորում ներգրավել։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ նույնն են պնդում նաև չորս տասնյակ արցախյան հասարակական կազմակերպություններ։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը բավականին ծանր պայմաններում է գտնվում՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, մարդասիրական առումներով, կարծում եմ՝ լավագույն լուծումը սա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեգլարյանը:
Կառավարության հաշվարկով՝ հինգ տարվա ընթացքում ավելի քան 25 հազար արցախցի ընտանիքի տնով ապահովելու համար շուրջ 2 մլրդ դոլար է պահանջվելու։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ հանրագումարով 800 միլիարդը գերազանցող ծախս է լինելու սա, 700-800 միլիարդը գերազանցող», - ասել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրից դժգոհությունները շատ են. հասարակական գործիչ«Մյուս կողմից՝ պետք է նաև հաշվի առնել, որ Արցախի ժողովրդի տեղահանումը միջազգային խնդիր է և միջազգային հանրության պարտավորությունների, պատասխանատվության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության, ձախողման հետևանքով է տեղի ունեցել», - ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:
Արտակ Բեգլարյանը համոզված է՝ եթե քաղաքական կամք լինի, պետությունը զգալի գումարներ կարող է բերել նաև Սփյուռքից՝ մեղմելով պետական բյուջեի ծանրաբեռնվածությունը. - «Եվ հիմնարար լուծումներ տալ արցախցիների, ի դեպ՝ ոչ միայն արցախցիների, նաև խոցելի այլ խմբերի՝ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների, խնդիրներին»:
Արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է՝ դեռ ամիսներ առաջ են Հայաստանի իշխանությանն առաջարկել, որ միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպի։ Թե ինչու պետությունը չի արձագանքել, պարզ չէ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից առանց շատ մանրամասների այսօր միայն հայտնեցին, թե միջազգային համագործակցություն լինելու է, բայց՝ հիմնականում վարկային միջոցների ուղղությամբ։
Բեգլարյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները ծրագիրն իրականացնելիս պետք է հաշվի առնեն նաև արցախցիների հավաքական վերադարձի հնարավորությունը։ Դա, ըստ նրա, ռազմավարական նպատակ պետք է լինի. - «Որ մեր վերադարձի հնարավորությունը լրացուցիչ ռիսկի տակ չընկնի, և այս թեման մենք բաց պահենք երկարաժամկետ ապագայի համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքըԱնցած կես ամսում ծրագրի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են հնչել, այդ թվում՝ այն ժամանակավոր կասեցնելու ու փոփոխություններ իրականացնելու համար։ Կառավարությունից պնդում են, թե աջակցության ծրագիրը կազմել են հենց նաև արցախցիների հետ քննարկումների արդյունքում։ Բայց բազմաթիվ արցախցիներ շարունակում են դժգոհել՝ պետությունը ծրագիրը մշակելիս հաշվի չի առել մի շարք կարևոր հանգամանքներ։ Օրինակ՝ այն, որ Կառավարությունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիներին հիմնականում Ադրբեջանի հետ սահմանակից համայնքներ է առաջարկում տեղափոխվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիները ոչ թե 3, այլ 4 կամ 5 մլն կստանան, եթե տուն գնեն կառավարության հաստատած բնակավայրերի ցանկից«Ընդհանուր ծրագիրը շատ խնդիրներ ունի նաև պետության տեսանկյունից: Այդ ոչ հրապուրիչ գյուղերում բնակարանների գները արհեստականորեն ուռճացվում են, և շատ մեծ են ռիսկերը, որ տեղի բնակչությունը բազմազավակ արցախցի ընտանիքին նույնիսկ մինչև 55 միլիոն դրամով իրենց բնակարանը վաճառեն և տեղափոխվեն Երևան կամ արտերկիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան Անուշ Շահրամանյանը:
Կառավարությունն ամենաշատը՝ 4 և 5 միլիոն դրամի աջակցություն ընտանիքի ամեն մի անդամի տրամադրում է հիմնականում հեռավոր գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում տուն գնելու կամ կառուցելու համար։ Իսկ այդ աջակցությունից ամբողջ ընտանիքը կարող է զրկվել, եթե ընտանիքի անդամներից երկուսը Հայաստանում չեն։ Արցախցի իրավապաշտպանն այս պահանջը խնդրահարույց է համարում։
«Շատ հնարավոր եմ համարում` տաս հոգանոց ընտանիքի երկու անդամ գտնվի արտասահմանում՝ աշխատելու, աշխատանք գտնելու և ընտանիքին Հայաստանում պահելու նպատակով: Եվ այդ դեպքում ութ հոգին զրկվելու է, քանի որ ընտանիքից երկու հոգի արտերկրում է: Այդ դրույթը, կարծում եմ, պետք է անպայման հանվի», - ընդգծեց Անուշ Շահրամանյանը:
Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս պահին արդեն հանրայնացված ծրագրի պայմաններում էական փոփոխություններ չեն նախատեսում։ Հայտերի ընդունումը կմեկնարկի տասն օրից։ Ծրագրից առաջինը հնարավորություն ունեն օգտվել երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի ընտանիքները։