Արգիշտի Քյարամյանը հայտարարում է իր հրաժարականի մասին

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, արխիվ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարում է իր հրաժարականի մասին։

«Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին», - հայտարարել է Քյարամյանը։

Իր ուղերձում նա նշել է, որ որոշումը բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։

Արգիշտի Քյարամյանը Քննչականը ղեկավարում էր 2021-ի ամռանից։

ՔԿ ղերավարը վերջերս Ազգային ժողովում վեճի էր բռնվել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հետ։ Դեպքից օրեր անց Քյարամյանը հայտարարեց՝ ափսոսում է միջադեպի համար, պատրաստ է հանրությունից ներողություն խնդրել իր և Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալի համար։ Քյարամյանի ու Աղազարյանի վեճի առիթով կարգապահական վարույթներ են հարուցվել։

Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Կիրակի օրը հայաստանյան լրատվամիջոցներն արդեն գրեցին, որ վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն մի շարք պաշտոնյաններ՝ նշելով, մասնավորապես, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի անունները։

Մամուլը գրել է նաև, որ իրենց պատգամավորական մանդատները վայր կդնեն «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ միջադեպի առնչությամբ դիմում ստացվել է, ՔԿ-ի հանձնաժողովում քննարկման փուլում է. խոսնակ