Բարդ իրավիճակ է հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ արևմտյան երկրներն իրավիճակը սրելու բացահայտ փորձեր են ձեռնարկում, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ոչ միայն «սեպ խրել», այլև Հայաստանին հեռացնել դաշնակիցներից։
«Սա, բնականաբար, հստակ գիտակցում են բոլոր գործընկերները», - ասել է Վասիլևը՝ շեշտելով, որ նման իրավիճակների օրինակներ տեսնում են նաև Վրաստանում։
«Մեզ չեն կարող չանհանգստացնել ու չմտահոգել Երևանում արտաքին խաղացողների և ղեկավարության գործողությունները, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն Հայաստանի ներսում, այլև կարող են սրել իրավիճակը դրա սահմաններից դուրս», - ասել է Վասիլևը։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, վերջերս էլ հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին։
Վասիլևն այսօր ասել է, որ կազմակերպության բյուջեն բաշխվում է սահմանված համամասնությամբ բոլոր անդամ երկրների միջև՝ պարզաբանելով՝ 50 տոկոսը վճարում է Ռուսաստանը, մնացած 50 տոկոսը բաշխվում է մյուս հինգ անդամ երկրների միջև։ Ըստ այդմ, մյուս երկրները հավասարաչափ՝ յուրաքանչյուրը 10 տոկոս, վճարում են կատարում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։
2025-ի բյուջեն կհաշվարկվի և 10 տոկոսը կփոխանցվի Հայաստանին, իսկ Երևանը կվճարի՞, թե ոչ, սա, ըստ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի, երկրի ղեկավարության քաղաքական կամքն է։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Իր վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը․ ՀՀ վարչապետ