Արաղչին արձագանքել է Իրանի նկատմամբ Եվրամիության հնարավոր նոր պատժամիջոցներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Եվրամիության՝ Islamic Republic of Iran Shipping Lines (IRISL) նավագնացության ընկերության նկատմամբ սանկցիաներ սահմանելու պլանները:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ հաստատեց, որ Իրանը չի մատակարարել հրթիռներ Ռուսաստանին», – գրել է Արաղչին X-ի իր էջում։

Նրա պնդմամբ, Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանելու համար օգտագործում է «անհիմն պատրվակներ», որոնք նախորդ ամսում կիրառվել էին Իրանի ազգային ավիաընկերության դեմ: Այժմ, Արաղչիի խոսքով, նույն «գոյություն չունեցող» մեղադրանքները ԵՄ-ն փորձում է օգտագործել Իրանի նավագնացության ընկերությունները, ներառյալ IRISL-ը, թիրախավորելու համար, գրում է իրանական IRNA գործակալությունը։

Նա նաև նախազգուշացրել է, որ սանկցիաները կարող են ունենալ «հակառակ ազդեցություն»՝ ազդելով ոչ միայն Իրանի, այլև միջազգային առևտրային հարաբերությունների վրա։

Ավելի վաղ Եվրամիությունը դատապարտել էր իրանական արտադրության բալիստիկ հրթիռների վերջին ենթադրյալ փոխանցումը Ռուսաստան և քննարկումներ էր սկսել Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Ի պատասխան Թեհրանը պնդել էր, թե բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, հավելելով, որ Իրանի դեմ պատժամիջոցները լուծում չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանական հրթիռներ ռուսական զինանոցում. ի՞նչ կտա հավանական գործարքը Մոսկվային ու Թեհրանին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, Թեհրանը հերքում է Մոսկվային բալիստիկ հրթիռների մատակարարումը