ԱՆԻՖ-ը լուծարվում է. ֆոնդի նախագծերի մասնակիցները «տեղեկացել են մամուլից»

ԱՆԻՖ-ը լուծարման ճանապարհին է. այսօր կառավարության որոշումներից մեկով ընկերության ողջ բաժնետոմսերը Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ընդ որում՝ գույք կոչվածը մի քանի արդեն կայացած կամ դեռ ստեղծման ընթացքում գտնվող բիզնես նախագծերում բաժնեմասեր են։

Կառավարությունը որոշումն ընդունեց չզեկուցվողների շարքում, իսկ էկոնոմիկայի նախարարը նիստից հետո շենքից արագ հեռացավ առանց հարցերի պատասխանելու։ Իսկ ԱՆԻՖ-ի մասին հարցեր ունեն ոչ միայն լրագրողները:

Արսեն Հովհաննիսյանը Hard Rock Cafe Yerevan-ի համահիմնադիրն է, այս ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը պատկանում է ԱՆԻՖ-ին, որի լուծարման գործընթացի մասին, սակայն, ընկերությունում փաստորեն տեղեկացել են միայն այսօր։

«Այստեղ էլ անհասկանալի է՝ այդ դեպքում դուստր ձեռնարկությունը, ներդրումային ֆոնդը՝ «Ձեռնարկատեր + պետություն», որը մեր բաժնետերն է հանդիսանում, արդյոք դա է լուծարվում, թե՝ չէ, որովհետև մի քանի մակարդակներ գոյություն ունեն ԱՆԻՖ-ում: Կոնկրետ դուստր ձեռնարկություններից մեկն էլ հենց «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդն է», - ասաց Հովհաննիսյանը:

Սրճարանը համահիմնադրած ընկերությունը պայմանգիր ունի ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկության՝ «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի հետ, ինչ իրավական գործընթացներ կհաջորդեն, սակայն, սրճարանի խոշոր բաժնետիրոջ հետ հարաբերություններում, ընկերությունում չգիտեն։

Երևանյան Hard Rock սրճարանից բացի ԱՆԻՖ-ը կամ պետական հետաքրքրությունների ֆոնդը ներդրումներ է արել մի շարք այլ նախագծերում, ինչպես օրինակ «Գլոբալ քոնեքթ», «Էկո ֆրեշ մաշրումս», «Սերմից ֆերմա» և այլն։ Այս նախագծերից բացի ԱՆԻՖ-ը խոշոր ներդրումներով համահիմնադրել է Fly Arna ավիաընկերությունը, որը արդեն լուծարվել է։ Ֆոնդը նաև արաբական Masdar-ի հետ իրականացնում է «Այգ-1»-՝ 200 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման նախագիծը, որի շինարարությունը դեռ չի էլ մեկնարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կատարվեց Fly Arna-ի հետ

Ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է լուծարվում ԱՆԻՖ-ը

«Ի՞նչ է սպասվում ԱՆԻՖ-ի նախագծերին» հարցին, Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատության»-ը պատասխանեցին՝ հարցը քննարկումների փուլում է, այլ մանրամասներ չկան։

Այսօրվա կառավարության՝ գույքի փոխանցման մասին որոշման հիմնավորումից տեղեկանում ենք, որ այս տարվա մարտին վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԱՆԻՖ-ի հաշվետվությունը, որի արձանագրության պահանջն է՝ ընկերության գործունեության դադարեցումը, իսկ թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է լուծարվում ԱՆԻՖ-ը, պաշտոնական բացատրություն չկա։

«Եղել է սխալ պլանավորում, շատ սխալ ռեսուրսավորում և շատ սխալ գնահատում միջավայրի», - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չի բացառում, որ սխալ կառավարումից բացի միգուցե ընկերության ձախողման պատճառը կոռուպցիոն սխեմաներն են, սակայն մինչ օրս դրա մասին իրավապահ մարմինները ոչինչ չեն հայտնել։

Դատախազությունից տեղեկացել ենք, որ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որում, սակայն, որևէ տեղաշարժ չկա, չկան նաև ներգրավված մեղադրյալներ, հայտնի չէ չարաշահումների բնույթը։

Վերջին ամիսներին ԱՆԻՖ-ում շարունակ փոփոխություններ են եղել. փոխվել է տնօրենների խորհրդի կազմը, վաղաժամ դադարեցվել են տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները: Կառավարության կազմից ԱՆԻՖ-ը փոխանցվել է Էկոնոմիկայի նախարարությանը, երբ նախարարը դեռ այժմ տնային կալանքի տակ գտնվող Վահան Քերոբյանն էր։ Մարտի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ԱՆԻՖ-ի նախագծերից մեկի՝ Fly Arna-ի մասին՝ նշելով, որ «Ստիպված է խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որո՞նք են ԱՆԻՖ-ում փոփոխությունների պատճառները, Վահան Քերոբյանը հստակ պատասխան չի տալիս