Amnesty International-ը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն

Գազա, 4-ը դեկտեմբերի, 2024թ․

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն։

Կազմակերպությունը ուսումնասիրություն է անցկացրել և զեկույց հրապարակել, որտեղ նկարագրված է, թե «ինչպես, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի սարսափելի հարձակումներից հետո սկսված ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Գազայում պաղեստինցիների կյանքը լիակատար դժոխք է դարձրել՝ անողոքաբար և անպատժելիորեն»։

Ըստ Amnesty International-ի խոսնակ Ագնես Կալլամարի՝ Իսրայելը Գազայում կատարում է գործողություններ, որոնք արգելված են Ցեղասպանության մասին կոնվենցիայով՝ միտումնավոր ստեղծելով կենսապայմաններ, որոնք նախատեսված են պաղեստինցիների ֆիզիկական ոչնչացման համար:

Կազմակերպությունը բացահայտել է դրան հասնելու համար օգտագործվող երեք մեթոդներ՝ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ոչնչացում, բնակչության տարհանման բազմաթիվ հրամաններ և մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտում:

Կալլամարը զգուշացրել է Իսրայելին զենք մատակարարող երկրներին, որ նրանք «մեղսակից են ցեղասպանությանը», նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ քայլեր ձեռնարկել Գազայում ցեղասպանությանը վերջ տալու համար։

Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ իր նպատակը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորման ամբողջական ոչնչացումն է։

Նշվել է, որ գրոհայինները Գազայի տակ թունելների ցանց են կառուցել և թաքնվել են խաղաղ բնակիչների թիկունքում։

Amnesty International-ը կարծում է, որ դա, ինչպես «Համաս»-ի հարձակումն Իսրայելի վրա, չի արդարացնում պաղեստինցիների ոչնչացումը։

Կազմակերպությունը կոչ է անում բոլոր մեղավորներին՝ և՛ Իսրայելի, և՛ «Համաս»-ի կողմից, պատասխանատվության ենթարկել, նրանց դեմ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև ազատ արձակել պատանդներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և Իսրայելը միջնորդների հետ ծրագրում են առաջիկայում հրադադարի հասնել նաև Գազայի հատվածում