Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը մեծապես կարևոր է Միացյալ Նահանգների համար, երեկ Երևանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման։
Վերման ընդգծել է, որ երևանյան քննարկումների արդյունքում Վաշինգտոնը ցանկանում է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում, և շարունակել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը դեպի նոր մակարդակ։
Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքսում:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, անդրադարձել նաև տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերի և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին:
Ընդգծելով, որ հունիսի 12-ին Երևանում կայացել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ ամփոփիչ նիստը՝ Միրզոյանը շեշտել է Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու Երևանի ձգտումը։ «Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան է ժամանել երեկ՝ ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը ժամանել է Հայաստան