ԱՄՆ-ը կոչ է անում «դադարեցնել կրակը», Իրանը և Ռուսաստանը դատապարտում են հարձակումները Լիբանանի վրա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելին և «Հեզբոլա»-ին կոչ է անում «դադարեցնել կրակը»:

Իրանը, Ռուսաստանը և նրանց դաշնակիցները դատապարտել են հարվածները Բեյրութի արվարձանին, որն ըստ իսրայելական լրատվամիջոցների, ուղղված էր «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի դեմ: Թեհրանը դա անվանել է «ռազմական հանցագործություն»:

Իսրայելը նախօրեին հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, կա առնվազն 2 զոհ, 76 վիրավոր: Իսրայելական կողմը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։

Հարվածը հաջորդել է ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետի ելույթին: Բենիամին Նեթանյահուն զգուշացրել էր՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված իրանամետ խմբավորմանը՝ չկա աշխարհի որևէ տեղ, ուր Իսրայելի ձեռքերը չհասնեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական հարվածի թիրախը «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան էր. ԶԼՄ-ներ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին միջազգային հանրությանը կոչ է արել «կանգնեցնել» Իսրայելին Լիբանանի դեմ «ցեղասպանական պատերազմ» մղելուց:

«Իսրայելական այս նոր ագրեսիան ապացուցում է, որ իսրայելական թշնամին թքած ունի միջազգային բոլոր ջանքերի վրա և կոչ է անում դադարեցնել կրակը»,- ասել է Միքաթին։

Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Էնթոնի Բլինքենն ասել է. «Այս պահին դիվանագիտության ճանապարհը կարող է դժվար տեսանելի լինել, բայց այն կա, և մեր կարծիքով՝ դա անհրաժեշտ է։ Մենք կշարունակենք ինտենսիվ աշխատել: Ամենակարևորը, որ կարելի է անել դիվանագիտության միջոցով, նախ փորձելն է դադարեցնել կրակը երկու ուղղություններով, ապա օգտագործել այն ժամանակը, որը մենք կունենայինք զինադադարի համար՝ տեսնելու համար, թե արդյոք մենք կարող ենք ավելի լայն դիվանագիտական համաձայնության հասնել»:

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկնաբանել են լիբանանյան իրադարձությունները.

Եվրոպական միություն. Արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է. «Այն, ինչ մենք անում ենք, հրադադարի համար դիվանագիտական ճնշում գործադրելն է, բայց կարծես ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնել Նեթանյահուին՝ ո՛չ Գազայում, ո՛չ Արևմտյան ափում»:

Նա նշել է՝ Իսրայելի առաջնորդը հասկացրել է, որ իր երկիրը կանգ չի առնելու, քանի դեռ «Հեզբոլա»-ն չի ոչնչացվել, ինչը հավանաբար կնշանակի «երկար պատերազմ»:

Ռուսաստան. Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «լիարժեք պատերազմի անդունդում»՝ Լիբանանում հարվածներից հետո։

Սաուդիան Արաբիա. Արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները մեծացրել են իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգը:

«Մենք շատ, շատ, շատ ամուր հավատում ենք, որ հրադադարն անհրաժեշտ է, որ զենքերը ոչինչ չեն լուծելու, որ մենք պետք է շարժվենք դեպի խաղաղություն մեր տարածաշրջանում, և որ խաղաղությունը ամուր արմատավորված է պաղեստինյան խնդրի լուծման մեջ», - նշել է նա։

Գերմանիա. Արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքն ասել է. «Մենք պետք է խուսափենք, որ Լիբանանը հաջորդ Գազայի հատվածը դառնա: Սա նույնպես չի կարող ձեռնտու լինել Իսրայելին, հատկապես ոչ անվտանգության տեսանկյունից»:

Իրան. Լիբանանում Իրանի դեսպանատունը զգուշացրել է տարածաշրջանում «վտանգավոր էսկալացիայի» մասին: «Այս դատապարտելի հանցագործությունը… ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որը փոխում է խաղի կանոնները», - ասվում է այնտեղ:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես դատապարտել է հարձակումները՝ այն անվանելով «պարզ և անհերքելի ռազմական հանցագործություն»: