ԱՄՆ-ն հայտարարում է, որ Կուրսկի մարզում 8000 հյուսիսկորեացի զինվոր պատրաստ է մարտերին

Միացյալ Նահանգները հայտարարում է՝ տեղեկություն ունի, որ մոտ 8000 հյուսիսկորեացի զինվոր այժմ գտնվում է Ռուսաստանի Կուրսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և Ռուսաստանը «լիովին մտադիր է» օգտագործել նրանց ուկրաինական ուժերի դեմ մարտերում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդեպարտամենտի ճեպազրույցում ասել է, որ ակնկալվում է, որ այդ զորքերը կուղարկվեն ռազմաճակատ առաջիկա օրերին։

Ռուսաստանը պատրաստում է հյուսիսկորեական զորքերին հրետանու, անօդաչու սարքերի և հիմնական հետևակային գործողություններում, «ցույց տալով, որ նրանք լիովին մտադիր են օգտագործել այդ ուժերը առաջնագծի գործողություններում», ասել է Բլինքենը:

«Պատճառներից մեկը, թե ինչու է Ռուսաստանը դիմում հյուսիսկորեական այս զորքերին, այն է, որ նրանք գտնվում են ծանր վիճակում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

  • Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը տևական ժամանակ ահազանգում է, որ իր ոխերիմ թշնամի Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական անձնակազմ, այդ թվում՝ զինվորական օդաչուներ ուղարկել Ռուսաստան։ Սեուլի հաշվարկներով՝ խոսքը մինչև 12 հազար զինծառայողի մասին է, որոնց նախատեսվում է ուղարկել մինչև այս տարեվերջ:
  • Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո երկկողմ ռազմական համագործակցությունն ամրապնդած Մոսկվան ու Փհենյանը կտրականապես հերքում էին այդ պնդումները՝ դրանք որակելով «կեղծ լուրեր», հայտարարելով նաև, որ ռուս-հյուսիսկորեական ռազմական համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
  • Շրջանառվող տեղեկություններն ըստ էության հաստատվեցին հոկտեմբերի 28-ին, երբ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Ռուսաստանի Կուրսկի մարզում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսկորեացի զինծառայողները՝ «արդար խաղ» Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում