Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այսօր ժամանել է Վրաստան։
Թբիլիսիի օդանավակայանում վայրէջքից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Վրաստանում է՝ ընդգծելու ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև ժողովրդին ու իրենց ազատ կամարտահայտությանը։
«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների շուրջ, որոնք վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ապագան», - գրել է Զեյան։
Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, իսկ 3 ամսից դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
Նախօրեին Պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Ուզրա Զեյան կհանդիպի Վրաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կվերահաստատի ԱՄՆ լուրջ մտահոգությունները «օտար ազդեցության» և այլ ոչ ազատական օրենքների, ինչպես նաև Վրաստանի կառավարության այն հռետորաբանության վերաբերյալ, որոնք վտանգում են Վրաստանի եվրատլանտյան ճանապարհը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը կյանքի է կոչում Վրաստանին ուղղված զգուշացումներըԹբիլիսիից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարջորդ կանգառը Երևանն է։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա կհանդիպի պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև նրա այցը «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։
2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 2019 թվականին ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներն էին հատուկ բանաձևերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել այն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանել