ԱՄՆ նախագահի ընտրությունների ելքը մեկ շաբաթ առաջ նույնքան անկանխատեսելի է, որքան միջազգային իրավիճակը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիս և Դոնալդ Թրամփ

Ուղիղ մեկ շաբաթից Միացյալ Նահանգներում նախագահ կընտրեն, ով գերտերությունն առաջնորդելուց բացի նաև կորոշի՝ որոնք են Ամերիկայի գերակայություններն աշխարհում, որտեղ ավտորիտար վարչակազմերն իրենց ճանապարհն են հարթում և նոր դաշինքներ ամրապնդում։ Առաջիկա քվեարկությունից է նաև կախված՝ Վաշինգտոնը կշարունակի՞ ակտիվ ներգրավվածությունը Իսրայելից Ուկրաինա պատերազմները հարթելու հարցում, թե՞ կվերադառնա մեկուսացման ու առաջին հերթին Ամերիկայի շահերը վեր դասող քաղաքականության։

«Մենք մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին ավելի, քան երբևէ։ Եվ այս վիճակը կշարունակվի, քանի դեռ իշխում են մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ են անում», - հայտարարում է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:

Թրամփը նախընտրական հանրահավաքներում հաճախ է ընդգծում՝ իր իշխանավարման օրոք աշխարհում լայնատարած պատերազմ չկար, ամերիկյան զորքերը որևէ հակամարտության մեջ ներքաշված չէին, ինքն էլ կարող է ցանկացած հակամարտություն մեկ օրում կանգնեցնել, այդ թվում՝ արդեն երկու տարուց ավելի շարունակվող ռուսական պատերազմն Ուկրաինայի դեմ։ Թե ինչպես՝ Թրամփը մինչ օրս չի մանրամասնել։

«Ես պատերազմ չեմ ունեցել, միայն «Իսլամական պետության» դեմ, որին հաղթեցի, բայց այդ պատերազմն էլ ինձնից առաջ էր սկսվել։ Իմ օրոք պատերազմ չկար, ես կարող էի պատերազմները հեռախոսային զանգերով կանգնեցնել», - պնդում է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:

Մրցակից ճամբարից հակադարձում են՝ Թրամփի իշխանավարման ավարտին ամերիկյան զորքերը դեռ շարունակում էին մնալ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում և Եմենում։ Ընդդիմախոսների հիմնական փաստարկը, սակայն, Թրամփի անկանխատեսելիությանն է վերաբերում։ «Ես չեմ կարող վստահորեն ասել՝ Թրամփը Պուտինի հետ գործա՞րք կկնքի նախագահության երկրորդ օրը, թե՞ ատոմային ռումբ կնետի Մոսկվայի վրա», - օրերս The Guardian-ին ասել էր եվրոպացի դեսպաններից մեկը։ Բայց մեկ բան հստակ է՝ նրա վերընտրությունը ծանր հետևանքներ կունենա, զգուշացնում է դեմոկրատ Քամալա Հարիսը. - «Դուք լսեցիք արդեն, ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփն անլուրջ մարդ է։ Բայց նրան կրկին նախագահ ընտրելը ծայրաստիճան լուրջ հետևանքների կհանգեցնի։ Ծայրաստիճան լուրջ»:

Ամենաշատը, ըստ վերլուծաբանների, Ուկրաինայի իշխանությունը մտահոգվելու տեղ ունի․ Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ վերընտրության դեպքում հավելյալ ռազմական աջակցություն չի հատկացնի, այդ բեռը դնելով եվրոպական երկրների ուսերին։ Փոխնախագահի թեկնածու Վենսն անցած հուլիսին էր դեռ հայտարարել՝ Ամերիկայի շահերից չէ այլևս բխում ֆինանսավորել երբեք չավարտվող այս պատերազմը։

Դեմոկրատ Քամալա Հարիսը, մինչդեռ, խոստանում է աջակցություն այնքան, որքան դրա կարիքը կլինի. - «Միացյալ Նահանգները չի կարող և չպետք է մեկուսանա աշխարհից: Ամերիկան Ուկարինային օգնում է ոչ թե բարեգործությունից, այլ որովհետև դա բխում է մեր ռազմավարական շահից»:

Մերձավոր Արևելքի հարցում երկու թեկնածուներն էլ աներկբա սատարում են Իսրայելին, Թրամփը, սակայն, առավել կոշտ դիրքորոշում ունի Իրանի հանդեպ։ Հենց նա էր, որ իշխանավարման տարիներին դուրս եկավ նախորդ վարչակազմի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Օրեր առաջ էլ, անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը, պնդել էր՝ Իսրայելն առաջին հերթին Իրանի միջուկային օբյեկտներին պետք է հարվածի:

«Մենք պետք է լիովին պատրաստ լինենք, և երբ ինձ հարցնում են՝ պե՞տք է արդյոք Իսրայելը հարվածի Իրանին, իմ պատասխանն է՝ առաջինը միջուկային կառույցների խփեք, հետո մտահոգվեք մնացյալի մասին», - ասել էր Թրամփը:

Հանրապետական թեկնածուն պնդում է՝ իր օրոք Նահանգները կվերագտնի երբեմնի հզորությունը, կայացնելով որոշումներ, որոնք նախ և առաջ կսպասարկեն Ամերիկայի շուրջ 350 միլիոն քաղաքացիների շահերը։ Հարիսը հակված է շարունակել Բայդենի քաղաքականությունը՝ ամրապնդելով կապերը դաշնակիցների հետ։ Բայց երկուսն էլ ընդունում են, որ Միացյալ Նահանգներն այլև աշխարհի միակ գերտերությունը չէ, ասում է George Mason համալսարանի Անվտանգային քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Էլիեն Լիփսոնը:

«Թե՛ Թրամփը, թե՛ Հարիսը չեն կարող անտեսել փաստը, որ միջազգային համակարգում ուժերը վերադասավորվել են, և այլ երկրներ էլ են իրենց կարծիքը թելադրում, որ Ռուսաստանն ու Չինաստանն իրենց տեսակետն ունեն, թե ինչպես պետք է միջազգային կարգը գործի», - ընդգծում է Լիփսոնը:

Վճռորոշ քվեարկությունից յոթն օր առաջ ընտրությունների ելքը նույնքան անկանխատեսելի է, որքան իրավիճակը միջազգային ասպարեզում․ ըստ վերջին հարցումների, Թրամփն ու Հարիսը գրեթե հավասար վարկանիշ ունեն՝ մոտ 47 տոկոս։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է արդեն այսօր՝ ցանկացած թեկնածուի ընտրությունից առավել ռիսկային կարող է լինել այդ ընտրության վիճարկումն ու քաոսը․ Մերձավոր Արևելքից մինչև Ուկրաինա պատերազմների մեջ ներքաշված աշխարհը պատաստ չէ ամիսներով սպասել, մինչև Վաշինգտոնում կրքերը կհանդարտվեն: