Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները քննադատեցին իր ղեկավարած դաշնային գործակալությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը չկանխելու համար, հայտնում են CNN-ը, Reuters-ը և Bloomberg-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Չիթլի հրաժարականը՝ շնորհակալություն հայտնելով նրան տասնամյակներ շարունակ պետական ծառայության համար։ Նա նաև հայտնել է, որ Թրամփի դեմ մահափորձի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է,:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեխանդրո Մայորկասի խոսքով՝ Գաղտնի ծառայության գործադիր տնօրեն Ռոնալդ Ռոուն կզբաղեցնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնը։
Երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, Քիմբերլի Չիթլը զեկուցել է Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ։ Նա հրաժարվել է պատասխանել կոնգրեսականների հարցերին, թե ինչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել Փենսիլվանիայում Թրամփի հանրահավաքում։
Կոնգրեսի մի քանի անդամներ Չիթլին կոչ են արել հրաժարական տալ: Քիմբերլի Չիթլն ասել է, որ Գաղտնի ծառայությունը կրում է ողջ պատասխանատվությունը Թրամփի դեմ մահափորձը չկանգնեցնելու համար՝ միջադեպն անվանելով ծառայության ամենամեծ ձախողումը 1981 թվականին այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձից ի վեր։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից նախագահի թեկնածուն վիրավորվեց, իսկ աջակիցներից մեկը սպանվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ FBI-ը հրապարակել է Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունը