Ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, «Հետք»-ին տված հարցազրույցում վերահաստատել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան։
Թե երբվանի՞ց, կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու ամերիկյան բանակի ներկայացուցիչը Հայաստանի ռազմական գերատեսչությունում, բարձրաստիճան դիվանագետը չի մանրամասնել, հարցում ենք ուղարկել ԱՄՆ դեսպանատուն։
Զեյան միայն ասել է՝ դա ցույց է տալիս հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ է սկսվում։
«Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեռ ապրիլին էր պատմել խորհրդականի մասին, որը կարող է գալ և Հայաստանի պաշտպանության նախարարությանն օգնելու զարգացնել կարողությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար«Հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունն ու այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել ու կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, և՛ ապա նաև թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում», - նշել է դեսպանը:
Արդեն 4-րդ օրն է Հայաստանում ընթանում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ ՊՆ-ը հաղորդեց՝ 10-օրյա վարժանքներն անցկացվում են միջազգային խաղաղապահ առաքելությունում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ամերիկյան զորավարժությունը թույլ կտա ընդլայնել զորավարժության տեսակները. փորձագետ
Համագործակցության նոր ձևաչափ, որը կարող է հանգեցնել նաև Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի. ռազմական փորձագետ
Համագործակցության նոր ձևաչափ, որը կարող է ի վերջո հանգեցնել նաև Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի, անդրադառնալով ամերիկյան բանակի ներկայացուցչի Հայաստան գալուն, կարծիք հայտնեց «Ապրի Արմենիա»-ի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը: Վաշինգտոնը Հայաստանին մինչ այս պահը զենք չի վաճառել։
«Կաջակցի բանակի բարեփոխումներին, - ասաց ռազմական փորձագետը և նշեց, -կա ուրեմն պայմանավորվածություն, որ ընդունելի է հա՛մ Հայաստանի, հա՛մ ԱՄՆ-ի համար, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի բարեփոխումներ անցկացնելու պրոցեսում Հայաստանին, որ ինձ թվում է, այս պահին ունենալով այն խնդիրները, որի դիմաց Հայաստանը կանգնած է, բավականին պոզիտիվ ու կարևոր իրադարձություն է», - ասաց ռազմական փորձագետը:
«Ազատության» հարցին՝ ի՞նչ խնդիրներ, նկատի ունի բանակաշինությունը, Ներսիսյանը պատասխանեց. - «Այո, մենք ունենք չլուծված կոնֆլիկտ, մենք ունենք դիսբալանաս ռեգիոնում, ունենք բանակ, որը շատ շուտ պետք է անցնի բարեփոխումների պրոցեսով: Եթե մենք ռազմատեխնիկական համագործակցության մասին ենք խոսում, ԱՄՆ-ի հետ էդ ավելի երկար ու դժվար պրոցես է հասնել նրան, որ իրենք բացվեն լետալ զենքի վաճառքներում: Այս պահին մենք տեսնում ենք, որ դինամիկան բավականին պոզիտիվ է, արագ չի այդքան, ինչքան Ֆրանսիայի հետ է զարգանում, բայց մենք տեսնում ենք, որ ստաբիլ զարգացում կա»:
Դիտարկմանն էլ՝ այսինքն ամեն ինչ գնում է նրան, որ զենքի վաճառք էլ լինի՞ Հայաստանին, փորձագետն արձագանքեց. - «Եթե այս պրոցեսը չկանգնի ինչ-որ ժամանակից, կարող է դրան էլ հասնի, գոնե խոսքը կարա գնա ինչ-որ ամենասովորական պաշտպանողական զենքերի մասին, ասենք, որ ԱՄՆ-ն այդքան էլ մեծ դժվարությամբ չի վաճառում»:
«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար»
Պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը և խաղաղության հաստատմանը, հայտարարել, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար, նաև ամերիկյան մի ուսումնասիրության մասին պատմել, որը, նրա խոսքով, ապաշրջափակման օգուտներն է այժմ հաշվարկում:
«ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվում է ուսումնասիրություն տրանսպորտային ուղիների ինտեգրման վերաբերյալ՝ խրախուսելու և ամրապնդելու տարածաշրջանային առևտուրն ու կապուղիները՝ արդարացի և տևական խաղաղության միջոցով», - ներկայացրել է նա։
Թե հատկապես ինչ ուսումնասիրություն է՝ շատ մանրամասներ չկան, համենայնդեպս, պետքարտուղարի մյուս տեղակալը՝ Ջեյմս Օ'Բրայենը թե՛ Երևան այցի ընթացքում, թե՛ Բաքու մեկնելուց առաջ կարևորել էր տարածաշրջանի ապաշրջափակման թեման։ Շեշտել՝ խաղաղությունը ոչ միայն Կովկասի, այլև շատ ավելի ընդարձակ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցն է, որոնք եվրոպական շուկաներ կարող են հասնել՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։
Մոտ մեկ տարի է՝ Հայաստանը շրջանառության մեջ է դրել երկրների ինքնիշխանության սկզբունքով ճանապարհների ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որին աջակցել են Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները: Բաքուն մինչ օրս դրական չի արձագանքել: