Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին

Բաքվում ընթացող COP29-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի օրենսդիրները՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, հայտարարել են Հայաստանին իրենց աջակցության մասին։

Ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ ինչու ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ չեն սահմանում Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է․ «Ես աջակցում եմ Հայաստանին։ Չեմ ուզում կանգ առնել հյուրընկալող երկրի {Ադրբեջանի} մարդու իրավունքների հարցերի վրա, բայց եթե դա թեմա դառնար, ապա ես նույնքան կոմպլեմենտար չէի լինի»։

Ասուլիսի մյուս բանախոս սենատոր Էդ Մարքին իր հերթին պնդել է՝ ադրբեջանցի քաղբանտարկյալները, ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի իրավունք ունենան, Ադրբեջանն ու Հայաստանը պիտի խաղաղության համաձայնագիր կնքեն։

«Ինչպես Շելդոնն ասաց, գիտեք, մենք, ի վերջո, պետք է համոզվենք, որ ռազմագերիները ազատ կարձակվեն, և որ հայ ժողովուրդը իրավունք ունի խաղաղ վերադառնալու Լեռնային Ղարաբաղ», - ասել է սենատոր Մարքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանը պետք է հաշվետու լիներ». Թունբերգի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև