Ալիև․ «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի», - այսօր Բաքվում, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են», - նշել է Ալիևը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Երևանի հետ բանակցություններում վերջին մեկ տարում լուրջ առաջընթաց է արձանագրվել՝ մասնավորաբար «սահմանների դելիմիտացիայի հարցում»։

Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ