Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, «Ազատության»-ը հայտնեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը։
Հարությունյանը նաև տեղեկացրեց՝ միջխորհրդարանական վեհաժողովին ԱԺ նախագահի փոխարեն կմասնակցի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված», - հավելեց Հարությունյանը:
Ազգային ժողովի կայքից նաև տեղեկանում ենք՝ Ռուբեն Ռուբինյանի հետ Սանկտ Պետերբուրգ կմեկնեն պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Գեղամ Նազարյանը, նաև աշխատակազմից երկու աշխատակից:
Հունիսի վերջին էլ Մոսկվայում անցկացվում էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը։ Հայաստանը հրաժարվել էր բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Մոսկվա, և համաժողովում Հայաստանը ներկայացնում էր Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը: Այդ միջոցառմանը Հայաստանը, որպես կանոն, ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել էր, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Հենց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր նշել, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հրաժարվել է 2027-ին հյուրընկալել ԱՊՀ մարզական խաղերը